Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը պարտադիր զինծառայությունից կազատի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին

22 Ապրիլ, 2021 12:42
Կառավարությունը պարտադիր զինծառայությունից կազատի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է ծանրամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Անդրանիկ Համլետի Կարա­պետյանին շարքային կազմից պարտադիր զիվորական ծառայությունից ազատելու մասին կառավարության որոշման նախագիծը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքական թիմի անդամ, Եվրոպայի չեմպիոն և  2021 թվականի  Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Անդրանիկ Համլետի Կարա­պետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի № 1221-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը։ Անդրանիկ Համլետի Կարա­պետյանը  պատրաստվում է մասնակցելու 2021 թվականի հուլիսին կայանալիք  ամառային օլիմպիական  խաղերին, նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը և 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Անդրանիկ Համլետի Կարա­պետյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։

Անդրանիկ Համլետի Կարա­պետյանը  հաշվառված է Էջմածինի  կոմիսարիատում:

 

Լրահոս

Դիտել ավելին