Կարևոր իրադարձություններ

ՀՀ սահմանների և, մասնավորապես, Սյունիքի մարզի սահմանների պահպանության և անվտանգության մակարդակը պետք է բարձրացնել. Փաշինյան

21 Ապրիլ, 2021 19:40
ՀՀ սահմանների և, մասնավորապես, Սյունիքի մարզի սահմանների պահպանության և անվտանգության մակարդակը պետք է բարձրացնել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Սյունիքի մարզպետարանում: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, փոխմարզպետերը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, Սյունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանը, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօր մեր հերթական մարզային խորհրդակցությունը տեղի է ունենում Սյունիքի մարզում:

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի շուրջ, առավել ևս անվտանգային իրավիճակի, իրադրության փոփոխություն ունենք, և այդ իրադրությունն էլ ավելի սրվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող սադրիչ և անկանոն, հակասական հայտարարություններով: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին: Մի կողմից՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ և ակնկալիքներ չունի, մյուս կողմից՝ հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին: Այսօր էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ստիպված էր հերքել Ադրբեջանի ղեկավարին՝ ասելով, որ խոսք չկա Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, իմ գնահատականն այն է, որ այդ հայտարարությունները սադրիչ են և պետք է արժանանան պատշաճ ուշադրության, արձագանքի և պատշաճ հակազդեցության, այդ թվում՝ միջազգային հարթակներում մեր երկրի դիվանագիտական առաքելությունների կողմից:

Բայց, մյուս կողմից, ուզում եմ կրկին ընդգծել հետևյալը -որպեսզի շահարկումների տեղիք չտանք - որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան: Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք և մեկնաբանել ենք, թե ինչ պիտի տեղի ունենա՝ պիտի տեղի ունենա տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում:

Եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել «Նախիջևանի միջանցքի» մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին: Որովհետև Ադրբեջանը, ըստ այդ պայմանավորվածության և գրավոր հրապարակված փաստաթղթերի, կարող է արժանանալ, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպիսին Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում Նախիջևանի տարածքով՝ և՛ բուն Ադրբեջանի տարածքով, և՛ Նախիջևանի տարածքով: Իսկ կոմունիկացիաների բացումը բոլորովին ուրիշ խնդիր է: Բայց, այնուամենայնիվ, եթե անկեղծ լինեմ, իմ մեկնաբանությունն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով պարզապես ուզում է վիժեցնել գործընթացը, այսինքն՝ ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից՝ լարելով, սրելով իրավիճակը տարածաշրջանում և շարունակելու համար Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:

Քանի որ նախկինում ամբողջական առիթ չի եղել, ես ուզում եմ նաև խոսել Սյունիքի այն սահմանագծի մասին, որը մենք ունենք: Ի՞նչ է տեղի ունեցել:

Գիտեք, 44-օրյա պատերազմը, ցավոք, մեզ համար այն ընթացքը չի ունեցել, որը կարող էինք ակնկալել: Եվ մի իրավիճակում, երբ մեր պաշտպանական կարողությունները բավարար և պատշաճ չէին, որոշում է կայացվել՝ Սյունիքի սահմանագիծը համապատասխանեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի սահմանագծին, որպեսզի մենք այդտեղ կոլեկտիվ անվտանգության համակարգերը կարողանանք աշխատեցնել:

Շատ քննարկվում է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքը, և կրկին ուզում եմ ընդգծել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը տարածվել է, համենայնդեպս - հիմա կա նաև այլ գործոն, իհարկե, ռուս խաղաղապահների գործոնը Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում - Հայաստանի մասով մինչ այս պահն էլ ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանները ներառյալ և այդ սահմաններից ներս:

Իսկ ինչպիսի՞ն են այդ սահմանները: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ այդ սահմանները Հայաստանի Հանրապետությունն ինքը որոշել է և տեղորոշել է - արդեն դրա մասին բազմիցս խոսել եմ - «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով՝ ընդունված 2010 թվականի մայիսի 24-ին, որտեղ վարչական սահմաններն են գծվել: Հիմա, այդ օրենքի հավելվածից ի՞նչ ենք կարդում, ի՞նչ են սահմանել՝

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը: Շուռնուխ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում: «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն): Հաջորդ պարբերությունը՝ Շուռնուխ-պետական սահման (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանագիծը՝ «Ա»-«Բ»: «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

Հաջորդը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը: «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: Սա շատ կարևոր է ընդգծել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինքը, 2010 թվականին ընդունված օրենքով, նկարագրել է իր տարածքը, այն տարածքը, որտեղ Հավաքական անվտանգության պայմանագիրը գործում է:

Բոլորիս ուշադրությունն եմ ուզում հրավիրել, որ չի նշվել, որ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանի հետ, այլ գրվել է, որ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի պետական սահմանի հետ: Եվ սրանք են այն շղթայական իրողությունները, որոնք բերել են այսօրվա ստատուս քվոյին:

Բայց, այնուամենայնիվ, մեր խնդիրը հետևյալն է, և ես ուզում եմ ընդգծել, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության սահմանների և, մասնավորապես, Սյունիքի մարզի սահմանների պահպանության և անվտանգության մակարդակը պետք է բարձրացնել: Հարցը պետք է բաժանել 2 մասի՝ առաջինը՝ սահմանի պահպանությունը, երկրորդը՝ երկրի անվտանգության պաշտպանությունը: Սահմանային անվտանգությունը, ինչպես արդեն պայմանավորվել ենք և կատարել ենք համապատասխան որոշումներ, պետք է իրականացնեն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, իսկ արդեն անվտանգային հարցերով՝ բնականաբար, մեր բանակը, մեր Զինված ուժերը:

Ուզում եմ կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսվել է Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ ծրագիր, և այդ ծրագիրը մենք իրականացնում ենք Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք պետք է, այդ ծրագրի իրականացման և բարեփոխումների համատեքստում, հաշվի առնենք և հաշվի նստենք բոլոր հետևությունների հետ, որոնց առերեսվել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում:

Այո՛, մենք պետք է ունենանք ուժեղ բանակ: Մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, որը լինի արժանի դաշնակից և նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության հիմնական երաշխավորը: Այս ճանապարհին Հայաստանի Հանրապետությանը որևէ մեկը չի կարող կանգնեցնել, առավել ևս, որ մենք մեր ռազմաքաղաքական, դաշնակցային հարաբերությունների համատեքստում անվտանգային որոշակի պարտավորություններ ունենք՝ նաև տարածաշրջանային նշանակության: Ուզում եմ ընդգծել, որ երբ խոսում ենք դաշնակցային պարտավորությունների մասին՝ ոչ միայն մեր նկատմամբ կան պարտավորություններ, այլև մենք նույնպես ունենք պարտավորություններ, և այս համատեքստում այդ պարտավորությունները պետք է լիարժեք ի վիճակի լինենք, կարողանանք կատարել, և Զինված ուժերի բարեփոխումները պիտի տեղավորվեն նաև այս տրամաբանության մեջ:

Շատ կարևոր է ընդգծել, որ Սյունիքի սոցիալ-տնտեսական հարցերը նույնպես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Գիտեք, որ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել, այդ աշխատանքային խումբը կայացրել է որոշումներ, արդեն իսկ տեղի է ունենում առաջին ծրագրերի իրականացումը, բնակարանաշինության ծրագիր է իրականացվում Շուռնուխ համայնքում: Մենք այնտեղ բնակարանների կառուցում ենք մեկնարկում: Եվ կրկին մեկ կարևոր փաստ՝ եթե չեմ սխալվում, անկախությունից ի վեր, ինչպես, օրինակ, Տավուշի մարզի Չինարի գյուղում, այնպես էլ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում տուն չի կառուցվել:

Սա, իհարկե, շատ տխուր փաստ է, և շատ տխուր է այն, որ մենք տնաշինության ծրագիրն սկսում ենք ահա այս իրավիճակում և այս առիթով։ Մենք շարունակելու ենք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը Սյունիքի մարզում, և այս համատեքստում մեզ համար չափազանց կարևոր է անդրադարձ կատարել նաև այն հարցին, թե, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում ինչ բարեփոխումներ ունենք իրականացնելու, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հասարակությունը համոզված լինի, որ ազգային հարստությունից իրեն հասանելիք պատշաճ բաժնեմաս, չափաբաժին է ստանում և ոչ թե դա, այնուամենայնիվ, գտնվում է անձանց վերահսկողության տիրույթում։

Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության»։

Իրավապահ մարմինների մարզային կառույցների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ դեպքի հետ կապված մամուլի հաղորդագրությունները համապատասխանաբար հանվել են և ուղարկվել են Ոստիկանություն՝ 180-181-րդ հոդվածներով քրեական դատավարությամբ նախատեսված ընթացքը որոշելու։ Այս պահի դրությամբ արդեն Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3 մասի հատկանիշներով հարուցված է քրեական գործ, և Ոստիկանությունից նյութերը, ըստ ընթացակարգի, պետք է արդեն ուղարկվեն Քննչական կոմիտե:

Հաջորդիվ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակին, մասնավորապես, գյուղոլորտի` արոտավայրերի, խմոցիների կառուցման, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, լայնածավալ այգեգործության զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է Սյունիքում բնակիչների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որոնք կնպաստեն բարեկեցության ապահովմանն ու զարգացմանը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Լրահոս

Դիտել ավելին