Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի նախագահը՝ ՀՀ տարածքի նկատմամբ նկրտումներով ցանկանում է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից. Փաշինյան

21 Ապրիլ, 2021 18:04
Ադրբեջանի նախագահը՝ ՀՀ տարածքի նկատմամբ նկրտումներով ցանկանում է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ նկրտումներով ցանկանում է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից և շարունակել Հայաստանի շրջափակման քաղաքականությունը: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Սյունիքում անցկացրած խորհրդակցության ընթացքում:

«44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի շուրջ, առավել ևս անվտանգային իրավիճակի, իրադրության փոփոխություն ունենք, և այդ իրադրությունն էլ ավելի սրվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող սադրիչ և անկանոն, հակասական հայտարարություններով: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին: Մի կողմից՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ և ակնկալիքներ չունի, մյուս կողմից՝ հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին: Այսօր էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ստիպված էր հերքել Ադրբեջանի ղեկավարին՝ ասելով, որ խոսք չկա Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, իմ գնահատականն այն է, որ այդ հայտարարությունները սադրիչ են և պետք է արժանանան պատշաճ ուշադրության, արձագանքի և պատշաճ հակազդեցության, այդ թվում՝ միջազգային հարթակներում մեր երկրի դիվանագիտական առաքելությունների կողմից:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ «Զանգեզուր», ոչ «Սյունիք», ոչ «միջանցք» արտահայտություններ չկան, խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք, որ պետք է տեղի ունենա տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում: Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ապա այդ տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին, որովհետև Ադրբեջանն, ըստ այդ պայմանավորվածության, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպես Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում` Նախիջևանի տարածքով»,- նշել է վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին