Կարևոր իրադարձություններ

Բնության հատուկ պահպանվող տարածքներում ակնառու է կառավարման արդյունավետության բարձրացում. ՇՄ նախարարը՝ ԿԲՀ տարածաշրջանային տնօրենին

21 Ապրիլ, 2021 14:18
Բնության հատուկ պահպանվող տարածքներում ակնառու է կառավարման արդյունավետության բարձրացում. ՇՄ նախարարը՝ ԿԲՀ տարածաշրջանային տնօրենին
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) տարածաշրջանային տնօրեն Թոբիաս Մյունխմայերին։
 
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արման Վերմիշյանը։
 
Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունելով հյուրերին՝ նախ շնորհավորել է պարոն Մյունխմայերին Կովկասի բնության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենի պաշտոնում նշանակման առիթով։ Ապա արձանագրել է, որ շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի, և իր՝ նախարարի պաշտոնում նշանակումից ի վեր ևս, մեկնարկել են համատեղ իրականացվող մի շարք կարևոր ծրագրեր։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում, որտեղ ԿԲՀ-ի օժանդակությամբ համատեղ ծրագրեր են իրականացվում, ակնառու են կառավարման արդյունավետության բարձրացումը, սոցիալական և այլ բաղադրիչների օգտավետ ներդրումը։
 
Նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում երկկողմ հարաբերությունների խորացմանը և համագործակցության մակարդակի ավելի բարձր նիշ կսահմանվի։
 
Նախարարը նաև հեռանկարային է համարել և իր պատրաստակամությունը հայտնել շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող մյուս համակարգային կառույցների հետ էլ համագործակցության նոր ծրագրեր ներգրավել։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Մյունխմայերն իր հերթին ընդգծել է, որ պաշտոնավարման առաջին իսկ շաբաթներից նկատել է՝ շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի համար կարևոր ռազմավարական գործընկեր է, և որ ոլորտում արդեն իսկ նկատելի են մի շարք բարեփոխումներ, մասնավորապես, ծառահատումների քանակի նվազում և արգելավայրերի պահպանության ռեժիմի բարելավում։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Նախարարը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ծրագրերը, որոնք այժմ ակտիվ ընթացքի մեջ են։
 
Նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանն իր գոհունակությունն է հայտնել Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Ա․Վերմիշյանին՝ համակարգված և ինստիտուցիոնալ աշխատանքի համար։
 
Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Պետրոսյանը գործընկերներին վստահեցրել է, որ շրջակա միջավայրի նախարարությունը կանի ամեն հնարավորը՝ ակտիվ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման և ընդլայնման հնարավորությունների համար, և իր անունից պատրաստակամություն է հայտնել օժանդակել հիմնադրամին նաև ՀՀ Կառավարության այլ գերատեսչությունների հետ անխափան փոխգործակցության հարցում և օգնել հարթել բոլոր տեսակի խնդրահարույց խութերը։
 

Լրահոս

Դիտել ավելին