Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը հաստատել է կառավարության որոշումներ նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին

21 Ապրիլ, 2021 11:21
Արցախի նախագահը հաստատել է կառավարության որոշումներ նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 19-ին հաստատել է կառավարության որոշում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը հաստատելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Միջոցառումն իրականացվելու է Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից: Շահառուին գույքի փաստացի կորստի դիմաց պետական ֆինանսական աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության ձևով և/կամ գանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետով հասարակ մուրհակների տրամադրմամբ: Աջակցության գումարի մինչև 5 միլիոն ՀՀ դրամը կտրամադրվի դրամական օգնության ձևով, իսկ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ, որոնց թողարկումը, տրամադրումը, շրջանառությունը, հաշվառումն ու մարումը իրականացվելու է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Արցախի Հանրապետության տարածքում գործարար ծրագրի իրականացման, հարկային, վարկային և այլ կրեդիտորական պարտավորությունների կատարման դեպքերում մուրհակը կարող է մարվել մինչև ժամկետի լրանալը:

Կառավարության որոշման համաձայն, եթե ծրագրի շահառուին տրամադրվել է նաև պետական աջակցություն վարկային պարտավորությունների կատարման համար, ապա սույն միջոցառման շրջանակում աջակցությունը կտրամադրվի գույքի կորստի գնահատված չափի և վարկային պարտավորությունների համար տրամադրված աջակցության դրական տարբերության դեպքում՝ միջոցառմամբ սահմանված չափերով:

Միջոցառմամբ սահմանված են աջակցության ենթակա կորսված գույքի տեսակները և դրանց համապատասխան աջակցության չափերը:

Ապրիլի 19-ին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հաստատված կառավարության մեկ այլ որոշմամբ կատարվել են փոփոխություններ և լրացումներ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրում:

Ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը. ընդգրվել են նաև գրավատների վարկառուները:

Համաձայն որոշման՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում բնակված ֆիզիկական անձանց հիփոթեքային և սպառողական վարկերի ողջ պարտավորությունների չափով տրամադրվող աջակցությունը կիրառվելու է նաև ֆինանսավարկային կազմակերպություններում առկա պարտավորությունների նկատմամբ:

Բռնազավթված տարածքներում տնտեսական գործունեություն իրականացրած, ինչպես նաև պատերազմական գործողությունների հետևանքով կորուստ կրած և ֆինանսավարկային կազմակերպություններում բիզնես վարկային պարտավորություններ ունեցող ծրագրի շահառու հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին ևս կտրամադրվի աջակցություն կորստի չափով, բայց ոչ ավել, քան այդ պարտավորությունների 50 տոկոսը:

Նույն օրը երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողով:

Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը:

Առաջիկա օրերին լրացուցիչ աշխատանքներից հետո լիազոր մարմինը կտարածի հայտարարություն, որից հետո քաղաքացիները կարող են դիմել հանձնաժողով նյութական վնասի և տրամադրվող պետական ֆինանսական աջակցության չափը որոշելու ու հաստատելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին