Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    631
    643

  • RUB

    7
    7,24

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն արել է մի բան, ինչը վերջին մոտ 80 տարվա ընթացքում Եվրոպայի ոչ մի երկիր չի արել. նրանք ինստիտուցիոնալիզացրել են ատելությունը հայերի նկատմամբ. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

20 Ապրիլ, 2021 21:20
Ադրբեջանն արել է մի բան, ինչը վերջին մոտ 80 տարվա ընթացքում Եվրոպայի ոչ մի երկիր չի արել. նրանք ինստիտուցիոնալիզացրել են ատելությունը հայերի նկատմամբ. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին քննարկմանը։

Ռուբինյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Շնորհակալություն, տիկին նախագահող:

Հարգելի գործընկերներ,

Ձեզ երբևէ շուն անվանե՞լ են: Ինձ և իմ հայրենակիցներին անվանել են: Մի քանի ամիս առաջ էր, երբ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևն ասաց, որ իրենք հայերին շան պես քշել են:

Ձեզ երբևէ հոգեկան հիվանդ անվանե՞լ են: Ինձ և իմ հայրենակիցներին անվանել են: Մոտ մեկ շաբաթ առաջ էր, երբ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևը հրապարակավ ասաց, որ հայ հասարակությունը հոգեկան հիվանդ է և բժիշկների կարիք ունի:

Երբևէ տեսե՞լ եք, որ ձեր ժողովրդի կրոնական հուշարձանները ոչնչացվեն գրեթե ուղիղ եթերում: Ես դա տեսնում եմ գրեթե ամեն ամիս, երբ նորանոր հաղորդագրություններ են գալիս այն տարածքներից, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, որտեղ ոչնչացվում են հայկական եկեղեցիները:

Երբևէ տեսե՞լ եք Մադամ Տյուսոյի թանգարանի ռասիստական տարբերակը: Դե հիմա կարող եք, որովհետև անցյալ շաբաթ, կրկին, Ադրբեջանի նախագահը Բաքվում բացեց այսպես կոչված ռազմավարի պուրակը, որտեղ շղթայված, մահացող կամ վիրավոր հայ զինվորների մանեկեններ են տեղադրված՝ նվաստացուցիչ, ապամարդկայնացնող մանեկեններ, որոնցով հայերը պատկերված են որպես տգեղ, հիմար կամ չար:

Այո, սա իրական կյանք է, և, հարգելի գործընկերներ, Ադրբեջանն արել է մի բան, ինչը վերջին մոտ 80 տարվա ընթացքում Եվրոպայի ոչ մի երկիր չի արել: Նրանք ինստիտուցիոնալիզացրել են ատելությունը հայերի նկատմամբ: Եվ այս իրավիճակում, այս մթնոլորտում, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը վերադարձրել է իր ունեցած բոլոր ռազմագերիներին, չնայած միջազգային հումանիտար իրավունքին, չնայած նոյեմբերի եռակողմ հայտարարությանը, որով ավարտվել են ռազմական գործողությունները, նրանք հրաժարվում են հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ գերեվարվածներին: Սա անընդունելի է:

Հարգելի գործընկերներ,

Այս դահլիճում մենք քննարկում ենք բազմաթիվ խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, բազմաշերտ խնդիրներ, որոնց վերաբերյալ կարող են լինել տարբեր տեսակետներ: Բայց այս խնդիրը դրանցից չէ: Սա պարզ խնդիր է: Սա սև-սպիտակ խնդիր է: Հայ ռազմագերիներին և այլ գերեվարվածներին Ադրբեջանը պետք է վերադարձնի: Սա պարտադիր է, սա պարտավորություն է, և սա պետք է տեղի ունենա:

Եվ, հուսով եմ, երբ այս բանավեճն ավարտվի, և բոլորդ վերադառնաք ձեր առօրյա կյանքին, կամ վերադառնաք քննարկելու այլ կարևոր, բայց, գուցե, պակաս ծանր հարցեր, դուք ժամանակ կգտնեք՝ մտածելու այն հարյուրավոր հայ երիտասարդ տղաների մասին, ովքեր պահվում են որպես պատանդ մի երկրում, որտեղ նրանց ատում են։

Շնորհակալություն»։

Լրահոս

Դիտել ավելին