Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին կերել է դաշտից իր իսկ հավաքած սունկը և ստացել սնկային թունավորում․ ԱՆ

19 Ապրիլ, 2021 23:20
Քաղաքացին կերել է դաշտից իր իսկ հավաքած սունկը և ստացել սնկային թունավորում․ ԱՆ

Ապրիլի 17-ին՝ ժամը 20-00-ին, Սպիտակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է դիմել Լոռու մարզի Սարահարթ գյուղի բնակիչ՝ «սնկային թունավորում» ախտորոշումով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջինս կերել է դաշտից իր իսկ հավաքած սունկը՝ «ոչխարասունկ» տեսակի, ջրով խաշած և ձվով տապակած վիճակում։ Դիմելու պահին հիվանդն ունեցել է սրտխառնոց, անզուսպ փսխում, գլխացավ։

Բժշկական կենտրոնում պացիենտը ստացել է սիմպտոմատիկ բուժում։ Ապրիլի 19-ի դրությամբ նրա վիճակը գնահատվել է բավարար։
Սնկի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կրկին զգուշացնում են.

սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,

չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,

ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,

սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,

չուտել հում սունկ,

երեխաներին չկերակրել սնկով,

աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,

սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,

թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,

չզբաղվել ինքնաբուժմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին