Կարևոր իրադարձություններ

Անհերքելի ապացուցողական բազա ունեցող դեպքերը թույլ են տալիս հաստատել, որ գերիների թիվն անհամեմատալի շատ է

19 Ապրիլ, 2021 17:52
Անհերքելի ապացուցողական բազա ունեցող դեպքերը թույլ են տալիս հաստատել, որ գերիների թիվն անհամեմատալի շատ է

Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, ով նաև «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիրներից է, և Արտակ Զեյնալյանը նախապատրաստել և Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել ազգությամբ հայ զինվորականների և քաղաքացիական անձանց իրավունքների կոպիտ ոտնահարումների վերաբերյալ բազմաթիվ հայցեր, ինչպես նաև այդ առնչությամբ համագործակցել և շարունակում են համագործակցել տարաբնույթ կառույցների հետ:

Թեև, ըստ իրավապաշտպանների, հնարավոր չէ գերիների քանակի վերաբերյալ հստակ թիվ նշել, սակայն իրավապաշտպանների ուժերով ձեռք բերված անհերքելի ապացուցողական բազա ունեցող դեպքերը (լուսանկար, տեսանյութ, ականատես ևն) թույլ են տալիս հաստատելու, որ գերիների թիվն անհամեմատալի շատ է: Անհերքելի ապացույցների հիման վրա իրավապաշտպաններին հաջողվել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների նոր հաստատումներ ունենալ: Ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի` այժմ պաշտոնականացված դեպքերը գերազանցում են 70-ը, այն դեպքում, որ ս/թ հունվարին դրանք 20-ն էին:

Իրավապաշտպաններն ու ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակը բազմիցս նամակներ են հղել Եվրոպական դատարանին և ապացույցներ ներկայացրել Ադրբեջանի կողմից անհապաղ միջոց կիրառելու որոշումները լիարժեք չկատարելու վերաբերյալ:

Հայ գերիների և զոհերի պատմություններին և հայ իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի նախաձեռնած և կատարած աշխատանքին անդրադարձել են համաշխարհային ճանաչում և համբավ ունեցող «The Washington Post», «The Guardian», «The Wall Street Journal», «RT France», «L’Orient-Le Jour», «Valeurs Actuelles», «News Front» և այլ հեղինակավոր լրատվամիջոցներ:

«The Washington Post»-ն անդրադառնում է 2020 թվականի արցախյան պատերազմի ռազմական հանցագործություններին, ադրբեջանցիների կողմից խոշտանգված և սպանված խաղաղ բնակիչների` Գենադի Պետրոսյանի և Յուրի Ասրյանի տեսանյութերին:

«The Guardian»-ը նույնպես ներկայացնում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, լուսաբանում հայ իրավապաշտպանների աշխատանքի արդյունքում նույնականացված անձանց պատմությունները: Պարբերականին տրված հարցազրույցում Սահակյանը նշում է.  «Զգացմունքային առումով դժվար է դիտել տեսանյութերը: Սակայն մասնագիտական տեսանկյունից դրանք կարող են շատ օգտակար վկայություններ լինել»,- հավելելով, որ իրենք պետք է ուշադիր զննեն տեսանյութերը` համոզվելու համար, որ դրանք չեն կեղծվել:

«The Wall Street Journal»-ն անդրադառնում է պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների ծնողների որոնումներին, Հայաստանի և Ադրբեջանի կողմից գերիների փոխանակման, ինչպես նաև Ադրբեջանում դեռևս պահվող և ռազմական հանցագործներ որակված հայ գերիների հարցերին: Հեղինակավոր պարբերականը մեջբերում է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի տեսակետն այդ խնդրի վերաբերյալ. «Հարցը քաղաքականացվում է»,- ասում ՄԻԵԴ-ում  ավելի քան 100 հայ ռազմագերիների ընտանիքներ ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը` հավելելով. «Մարդասիրական հարցը փոխկապակցված է քաղաքական օրակարգի հարցի հետ, որն անընդունելի է: Մենք նաև գիտենք, որ ռազմագերիների հայրենադարձության անհիմն ձգձգումները ռազմական հանցագործություններ են»:

«RT France»-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ ցուցադրող մի քանի հարյուր տեսանյութեր են հեռարձակվել սոցիալական հարթակներում: «The Guardian»-ը և «Amnesty International»-ը հաստատել և վերլուծել են դրանցից մի քանիսը: «RT France»-ը, մասնավորապես, անդրադառնում է Արցախի Մադաթաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Գենադի Պետրոսյանի և 82-ամյա Յուրի Ասրյանի սպանություններին ադրբեջանական զինուժի կողմից:

Հեղինակավոր «Valeurs Actuelles»-ի կողմից հրապարակված «Լեռնային Ղարաբաղ. գլխատման տեսանյութերը բացահայտում են մարդկայնության բացակայությունն ադրբեջանական ուժերում» հոդվածը նույնպես պատմում է ադրբեջանական վայրագությունների մասին:

Դաժանությունները, խոշտանգումներն ու սպանությունները բացահայտող հարյուրավոր տեսանյութերից երկուսում, որոնցից մի քանիսը հեռարձակվել են Ռուսաստանի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի կնքումից հետո, ցուցադրվում է երկու հայ խաղաղ բնակիչների գլխատում: Այս երկու տեսանյութերում «The Guardian»-ը կարողացավ բացահայտել զոհերին՝ շնորհիվ այն գյուղերի բնակիչների վկայությունների, որտեղ կատարվել են հանցագործությունները, ինչպես նաև հաստատվեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի և երկու հայ իրավապաշտպանների` Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի զեկույցներով:

44-օրյա պատերազմին և հայ իրավապաշտպանների աշխատանքին բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել է նաև հեղինակավոր «Human Rights Watch» հասարակական կազմակերպությունը:

Այսպես. 2020 թվականի դեկտեմբերի 2-ին կարդում ենք. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ադրբեջանական ուժերը դաժան վերաբերմունք են ցուցաբերում գերեվարված որոշ հայ զինվորների նկատմամբ…»:

«Ոչինչ չի կարող արդարացնել ռազմագերիների նկատմամբ դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքը»,- ասում է «Human Rights Watch»-ի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Հյու Ուիլյամսոնը` նշելով. «Մարդասիրական իրավունքը շատ հստակ սահմանում է ռազմագերիներին պաշտպանելու պարտականությունը: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն այս դաժան վերաբերմունքի անհապաղ դադարեցումը»: 

RTBF հասարակական կազմակերպության կայքում 2020 թվականի հոկտեմբերի 24-ին տեղադրված հրապարակումը մասնավորապես ներկայացնում է իրավիճակն Արցախում և անդրադառնում ադրբեջանցի զինվորականների կողմից 73-ամյա Բենիկ Հակոբյանի և 25-ամյա Յուրի Ադամյանի սպանությանը` վկայակոչելով սոցիալական հարթակներում հայտնված և Բի-Բի-Սի-ի կողմից ստուգված տեսանյութերը:

RFI-ի կայքում 2020-ի դեկտեմբերին հրապարակված նյութը Բենիկ Հակոբյանի և Յուրի Ադամյանի մասով հաղորդում է. «Telegram-ում լայնորեն տարածված այս պատկերներում ադրբեջանցի զինվորները գլխատել են երկու հայ գյուղացիների: Հայ փաստաբան Սիրանուշ Սահակյանը հարյուրավոր նման տեսանյութեր է տեսել… Նրա նպատակն է նույնականացնել զոհերին, և յուրաքանչյուր րոպեն կարևոր է: «Տեսանյութերում տուժածներից ոմանք ողջ են և պատանդ են պահվում: Նրանց կյանքին վտանգ է սպառնում: Այդ պատճառով մենք ժամանակ չունենք ժամանակ վատնելու` հանցագործությունների պատասխանատուներին բացահայտելու համար: Մենք ավելի ուշ կանդրադառնանք դրան»,- բացատրում է փաստաբանը»:

Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը միջազգային լրատվամիջոցների միջոցով նաև կոչ են արել միջազգային հանրությանը կրկնապատկել ջանքերը՝ հետաքննելու ադրբեջանցիների և հայերի միջև հակամարտության արդյունքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները:  

Իրավական ուղի 

 

 

Լրահոս

Դիտել ավելին