Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ Գյումրիում անցկացվում է թենիսի Հայաստանի առաջնություն՝ բոլոր տարիքային խմբերի համար

18 Հոկտեմբեր, 2015 12:35
Առաջին անգամ Գյումրիում անցկացվում է թենիսի Հայաստանի առաջնություն՝ բոլոր տարիքային խմբերի համար

 

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի թենիսի և սեղանի թենիսի մարզադպրոց և ներկա գտնվել Գյումրիում առաջին անգամ անցկացվող բոլոր տարիքային խմբերի թենիսի ՀՀ առաջնությանը,- հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:



Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին և տևելու է մինչև հոկտեմբերի 20-ը: Նշենք, որ Գյումրիում արդեն մի քանի անգամ կայացել են թենիսի տարբեր մրցափուլեր, սակայն բոլոր տարիքային խմբերի համատեղ ՀՀ առաջնությունը կազմակերպվում է առաջին անգամ:



Նախարարը ողջունել է ներկաներին և կարևորել այս առաջնությունը Գյումրիում անցկացնելու ֆեդերացիայի նախաձեռնությունը: «Գոհունակությամբ տեղեկացա, որ թենիսի Հայաստանի առաջնությունը տեղի է ունենալու Գյումրիում: Վստահ եմ, որ այս մրցաշարը կնպաստի Շիրակի մարզում և հատկապես Գյումրի քաղաքում մարզական կյանքի աշխուժացմանը և մարզաձևի մասսայականացմանը»,- ասել է Գ. Ղազարյանը: Նա նաև նշել է, որ ՀՀ տարբեր մարզերում հետագայում ևս կանցկացվեն տարբեր մարզաձևերի առաջնություններ: «Մեր նպատակն է հասարակության առավել մեծ շրջանակների ներգրավել ֆիզկուլտուրայի և սպորտի մեջ, իսկ դրա համար անհրաժեշտ է իրականացնել համակողմանի և լուրջ քարոզչական աշխատանք»,- տեղեկացրել է նախարարը և ավելացրել, որ ՀՀ առաջնությունները Երևանից դուրս անցկացնելն այդ քարոզչության մի մասն են կազմում:



Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է այդ օրը մրցելույթներն ավարտած թենիսի մեծահասակների մենախաղերում չեմպիոն դարձած Սեդրակ Խաչատրյանին, ինչպես նաև մինչև 10 և 14 տարեկան տղաներին ու աղջիկներին:



Մինչև 10 տարեկան տղաների թենիսի մենախաղերում հաղթել է Դավիթ Սուքիասյանը, իսկ աղջիկների մենախաղերում՝ Գայանե Մարտիրոսյանը:



Մինչև 14 տարեկան տղաների մենախաղերում չեմպիոն է դարձել Արթուր Սողոյանը, իսկ զուգախաղերում առաջատարը Էդգար Նազարեթյան ու Արթուր Սողոյան զույգն էր:



Մինչև 14 տարեկան աղջիկների մենախաղերում 1-ին տեղն է գրավել Էմմա Ավետիսյանը, իսկ զուգախաղերում հաղթող է դարձել Էվելինա Մարտիրոսյանը և Իրենա Մուրադյան զույգը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին