Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

17 Ապրիլ, 2021 12:33
Հեղինակ՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով երկուստեք կարևորվել է համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։
 
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ներկա պայմաններում արցախահայության, մասնավորապես զոհված, գերության մեջ գտնվող զինվորականների և անհայտ կորածների ընտանիքների հոգևոր խնամքի և աջակցության Մայր Աթոռի ծրագրերին։
 
Այս կապակցությամբ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի զորակցության համար պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում։
 
Վեհափառ Հայրապետը և նախագահ Արայիկ Հարությունյանը արծարծել են նաև Արցախի բռնազավթված տարածքներում պատմա-մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, դրանց նկատմամբ ոտնձգությունների և վայրագությունների կասեցման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին