Կարևոր իրադարձություններ

Գերիների հարցը Մոսկվայի հետ քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և, հուսով եմ՝ լուծումներ կլինեն. փոխվարչապետ (տեսանյութ)

16 Ապրիլ, 2021 15:05
Գերիների հարցը Մոսկվայի հետ քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և, հուսով եմ՝ լուծումներ կլինեն. փոխվարչապետ (տեսանյութ)

1lurer.am-ը գրում է

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին լրագրողներն այսօր հարց ուղղեցին ԵԱՏՄ առաջիկա նիստին Ադրբեջանի մասնակցության մասին խոսակցությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան փոխվարչապետն ասաց, որ մոտ ժամանակներս կներկայացնեն իրենց դիրքորոշումը:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք վետո դրվի՝ Մհեր Գրիգորյանը տվեց դրական պատասխան:

«Իհարկե հնարավոր է, բայց դա գործընթաց է, որի շրջանակներում դիրքորոշումը կհայտնենք»:

«Լուրերի» թղթակցի հարցին՝  գերիների, տրանսպորտային ապաշրջափակման հարցը բարձրացրե՞լ է արդյոք պաշտոնական Երևանը՝ որպես Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տալու նախապայման, փոխվարչապետը պատասխանեց, որ քննարկվում են բոլոր բաղադրիչները՝ ճշգրտելով, որ դա վետո չէ, այլ համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է, իսկ համաձայնեցնելու խնդիրը ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի:

«Այս գործընթացը ենթադրում է համաձայնեցնել այլ երկրի՝ նիստին մասնակցելու հարցը, որը որևէ բովանդակային գործընթաց չի ենթադրում, ուղղակի գալու է ամսաթիվը, և մենք ասենք՝ այո կամ ոչ: Ինչ վերաբերում է նախապայմաններ դնել կամ չդնելուն, նախապայմաններ դնելու համար պետք է հայտնեք՝ ո՞ւմ առջև դնել: Ես կարծում եմ՝ Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը, քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և, հուսով եմ՝ լուծումներ կլինեն»,- ասաց Գրիգորյանը:

«Լուրերի» թղթակցի ճշտող հարցին՝ Կառավարությունը սա ևս մեկ առի՞թ է համարում գերիների հարցը բարձրացնելու համար, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ դա «մեր ամենակարևոր հարցն է, և մեր կյանքում ցանկացած իրադարձություն առիթ է, որպեսզի այդ հարցը բարձրացնենք և քննարկենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին