Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը հերքել է իր ընկերների՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելու մասին լուրերը

15 Ապրիլ, 2021 21:23
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանը հերքել է իր ընկերների՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելու մասին լուրերը

ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առհասարակ չեմ անդրադառնում ինձ հետ կապված մերկապարանոց ու բամբասանքային հրապարակումներին, սակայն այս անգամ բացառություն կանեմ:

Նախորդ շաբաթ «Հետքը» հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ նշվում է, թե իմ ընկերներն աշխատանքի են անցել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում` թերևս ակնարկելով ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ: Հրապարակումն իմ մասով ամբողջությամբ չէր համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ մի ընկեր չունեմ նշյալ ՊՈԱԿ-ում աշխատող, իսկ թվարկված անձանցից Ստեփան Մաչյանին աշխատանքային միջավայրից դուրս հանդիպել եմ կյանքում մեկ անգամ՝ ընդհանուր միջոցառման ժամանակ (ինչ-որ լուսանկարի մասին է խոսվում), մինչդեռ մյուսներին նույնիսկ չեմ էլ ճանաչում:

Թեման հատուկ արձագանք գուցե չէր ենթադրում, սակայն, կարծում եմ՝ պատեհ առիթ է՝ անդրադառնալու մեր տեղեկատվական դաշտում տիրող վիճակին: Ներկայումս, երբ հանրային կարծիքը հաճախ դիտավորությամբ մանիպուլացվում է, իսկ դաշտը՝ ողողվում կեղծ տեղեկություններով, որակյալ տեղեկատվությամբ և լրագրողական հետաքննությամբ հանդես եկող ԶԼՄ-ների պատասխանատվությունն առավել քան մեծ է: Հետևաբար, ինձ համար տարօրինակ էր, որ «Հետքի» պես վստահելի լրատվականը հանդես էր եկել նման հրապարակմամբ, ինչն էլ բացառություն անելու պատճառ դարձավ: «Հետքը» ոչ միայն զլացել էր դիմել մեր գրասենյակ՝ հարցի վերաբերյալ կանխավ մեկնաբանություն ստանալու համար (դա արել է միայն հերքման պահանջը ստանալուց հետո, որը դեռ չի հրապարակել), այլև բուն հրապարակման մեջ իմ մասով անգամ մեկ հստակ, փաստարկված տեղեկատվություն չէր ներկայացրել:

Իմ պատկերացմամբ՝ ԶԼՄ-ի առաջնային սկզբունքն ընթերցողին որակյալ և ճիշտ տեղեկատվություն հասցնելն է: Առանց այն էլ տեղեկատվական դաշտում վստահությունը բավականին ցածր աստիճանի վրա է, մինչդեռ բացասական միտումների խորացումն ուղղակի անթույլատրելի է: Կարծում եմ՝ երբ ընթերցողին հրամցվում է սխալ և մանիպուլացված տեղեկություն, դա, առաջին հերթին, հենց ընթերցողի նկատմամբ վերաբերմունք է: Անշուշտ, դժվար է դիմակայել ճչուն վերնագրով ընթերցողներ գրավելու գայթակղությանը, սակայն դա մի սահման է, որով բաժանվում է պրոֆեսիոնալ լրատվամիջոցը դեղին մամուլից: Հույս ունեմ, որ «Հետքը» կիսում է իմ այս կարծիքը և կհրապարակի մեր գրասենյակի կողմից վերոնշյալ նյութի կապակցությամբ ուղարկված հերքումը»:

 

Լրահոս

Դիտել ավելին