Կարևոր իրադարձություններ

Տարածաշրջանում անհնար է ապահովել կայունություն առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման. Արմեն Սարգսյան

15 Ապրիլ, 2021 20:46
Տարածաշրջանում անհնար է ապահովել կայունություն առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման. Արմեն Սարգսյան

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ բարեկամությանն ու համագործակցությանը: Այս մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա հայտնեց, որ Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել են օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության ու մշակույթի և այլ ոլորտներին: ՀՀ նախագահի խոսքով՝ համագործակցության մեծ ներուժ կա ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիների, կիբերանվտանգության, պարենային անվտանգության ոլորտներում:

«Անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հարցերին՝ հաշվի առնելով Հայաստանի դեպքում Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի ակտիվ ու բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողությունները։

Ես իմ վրացի գործընկերոջը ներկայացրեցի ԼՂ հարցում  հայկական կողմի մոտեցումներն ու տեսակետները: Հատուկ ընդգծեցի, որ տարածաշրջանում անհնար է հաստատել տևական խաղաղություն և ապահովել կայունություն առանց նաև Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման: Այդ թվում նշեցի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հնարավորությունն ու դրա անհրաժեշտությունը:   Շեշտեցի պատերազմի հետևանքով առաջացած հսկայական մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գերիներին և պատանդներին, կամ այն անձանց, ովքեր այդպիսի կարգավիճակ ունեն, նրանց ազատ արձակման հարցում շուտափույթ լուծում գտնելու անհրաժեշտությունը։ Սա շատ էական խնդիր է, և սա հումանիտար խնդիր է»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին