Կարևոր իրադարձություններ

Ենթադրում եմ, որ այդ սցենարում Ադրբեջանը կարող է նույնիսկ հրաժարվեր Արցախը գրավելու պլանից. Դանիել Իոաննիսյան

14 Ապրիլ, 2021 21:38
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Ենթադրում եմ, որ այդ սցենարում Ադրբեջանը կարող է նույնիսկ հրաժարվեր Արցախը գրավելու պլանից. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ի՞նչ կլիներ, եթե Լելե-Թեփե բարձունքը հետ վերցվեր

Պատերազմի 7-10-րդ օրվա կողմերը ադրբեջանական բանակը հարավում ճեղքել էր մի քանի կիլոմետրանոց հատված (Արաքս գետից) ու շարժվել էր առաջ՝ վերցնելով Ջեբրաիլը (քարտեզում՝ կարմիր օղակ):

Այդ օրերին, փաստորեն, որոշվեց կատարել հակահարձակում, որի սահմաններում պետք է վերականգնվեր շփման գծի ամբողջականությունը: Այդ հատվածում է 2016 թվականին կորցված Լելե-թեպե բարձունքը (քարտեզում՝ սպիտակ օղակ), որը վերցնելու դեպքում, ըստ էության, հայկական զորքը կվերահսկեր ֆրոնտի ճեղքված հատվածը:

Օպերացիայի հաջող անցնելու դեպքում Ջեբրաիլ հասած ադրբեջանական ահռելի զորախումբը կզրկվեր թիկունքից ու կհայտնվեր շրջափակման մեջ:

Ենթադրում եմ, որ այդ սցենարում Ադրբեջանը կարող է նույնիսկ հրաժարվեր Արցախը գրավելու պլանից՝ շրջափակված զինվորների տուն դառնալու դիմաց: Նույնիսկ եթե ոչ, միևնույնն է՝ Ադրբեջանը հավանաբար կզրկվեր առավել մարտունակ որոշ ստորաբաժանումներից և կկորցներ նախաձեռնողականությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ամեն դեպքում, պատերազմի ընթացքը էապես ավելի մեր օգտին կլիներ:

Սակայն, թեև հայկական բանակը հասավ Լելե-թեփե, սակայն այն չգրավվեց ու օպերացիան տապալվեց: Արդյունքում սկսվեց խուճապը, իսկ ադրբեջանցիք հասան Հադրութ ու Շուշի:

Ես այդ տապալման տարբեր պատճառներ եմ լսել, որոնց իսկությունը պետք է պարզել պատշաճ քննությամբ.

1. Օպերացին վատ էր մշակված, կազմակերպված ու հաշվարկված,

2. Տանկային գումարտակներից մեկի հրամանատարը (Սեյրան Օհանյանի որդին) վիրավորվել է (ըստ շրջանառվող լուրերի՝ ինքն իր ոտքին կրակելով), ինչի արդյունքում իր գումարտակը չի հասել բարձունքին

3. Հետևակը չի ունեցել զրահապատ տրանսպորտ, ինչի հետևանքով հետևակը տանկերի հետևից չի հասել Լելե-թեփեին:

Ամեն դեպքում պարզ է, որ այդ օպերացիայի ընթացքն ու դրա անել-չանելու որոշումը հանգուցային դեր խաղացին պատերազմի հետագա ընթացքի վրա:

* Քարտեզում հարձակման ուղղությունները մոտավոր են

Հ.Գ. Պատերազմից հետո մի քանի անգամ գիշերը երազումս տեսել եմ, թե այս օպերացիան հաջողվել է ու երջանկությունից արդնացել եմ... ու տխրությունից չեմ կարողացել քնել»:

 

Լրահոս

Դիտել ավելին