Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    631
    643

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Միքայել Մինասյանը որպես «բորշչերի» բաղադրատոմսերի հեղինակ ավելի գիտակ է, քան որպես քաղաքագիտական մտքեր արտաբերող. Հրաչյա Ռոստոմյան

14 Ապրիլ, 2021 00:08
Հեղինակ՝ Հրաչյա Ռոստոմյան
Միքայել Մինասյանը որպես «բորշչերի» բաղադրատոմսերի հեղինակ ավելի գիտակ է, քան որպես քաղաքագիտական մտքեր արտաբերող. Հրաչյա Ռոստոմյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իր ողջ կյանքում քաղաքական մեկենասի դեր ստանձնած Միքայել Մինասյանը, ով ֆինանսական տանիք է հանդիսացել և բառացի աճեցրել Նիկոլ Փաշինյան գործչին, այսօր խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է կեղծ և Նիկոլ Փաշինյանին ձեռնտու ընդդիմություն լինելու մեջ և ակնարկել է, թե վերջիններս իշխանությունների հետ ինչ-ինչ համագործակցությունների պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Միքայել Մինասյանն իհարկե ինքն էլ հոգու խորքում գիտի, որ որպես «բորշչերի» բաղադրատոմսերի հեղինակ ավելի գիտակ է, քան որպես քաղաքագիտական մտքեր արտաբերող, բայց տևական ժամանակ սեփական հայրենիքից շնչակտուր փախած անձը լավ կաներ գոնե ժամանակ առ ժամանակ մեղր կամ մեղրաջուր օգտագործեր՝ սեփական հիշողությունը լավացնելու համար:

Ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ համագործակցությունների ձեռք բերելու մասին բարբաջող փախած դեսպանը կարծես թե հիշողության կորստով է տառապում ու մոռանում է, որ հենց ինքն է տարիներ շարունակ համագործակցել Նիկոլ Փաշինյանի ու նրա «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ: Ու այդ մասին հենց ինքն է հրապարակային տեսանյութով հայտարարել: Վստահաբար փախած դեսպանը բնազդաբար զգացել է, որ մեր իմաստուն ժողովուրդը վաղ թե ուշ իմանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իր վճարովի ծառայությունների մասին ու գաղտնի կապերի մասին:

Մի մարդ, ով հենց ինքն է տարիներ շարունակ ֆինանսավորել ու աճեցրել Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործչին, ինքն է եղել նրա ֆինանսական կայունությունն ու զարգացումն ապահովողը, հիմա էլ եկել ու ինչ որ համագործակցություններ է փնտրում այնտեղ, որտեղ դրանք իսպառ բացակայում են: Բայց ի տարբերություն Միքայել Մինասյանի մեր ազգաբնակչությունն ունի փայլուն հիշողություն ու բավարար գիտակցություն, հասկանալու համար թե երազախաբ եղած այս անձը ինչի է փորձում այս օրերին հասնել:

Մի բարի խորհուրդ Մ.Մ.-ին՝ մյուսների վրա ցեխ շպրտելով սեփական գոյության մասին հիշեցնելն ու անառողջ քաղաքական ամբիցիաների բավարարումը վերջինս բարեհաջող կերպով կարող է կյանքի կոչել բացառապես իր թաքստոցների խոհանոցներում: Իսկ Հայաստանն ու հայաստանյան քաղաքական դաշտը հորդորում եմ հանգիստ թողնել, քանի որ դրանց վրա ունեցած աղետալի հետևանքները մինչև օրս դեռ ժողովուրդը հիշում ու ամեն օր շարունակում է դրանց տակից դուրս գալ: Այսօր դեռ այսքանը, մնացյալի մասին՝ հաջորդ դասին…

Հ.Գ Կից տեսանյութում Միքայել Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանին տարիներ շարունակ ֆինանսավորելու վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունքն է: Սա էլ զուտ վերջինիս հիշողությունը թարմացնելու համար: Դե որ ստիպված չլինի նորից մեղրաջուր խմել…»

Լրահոս

Դիտել ավելին