Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետը և ՀՀ-ում Իրանի դեսպանը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել

13 Ապրիլ, 2021 20:00
Շիրակի մարզպետը և ՀՀ-ում Իրանի դեսպանը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից։
 
Մարզպետը ողջունել է դեսպանին և ներկայացրել Շիրակի մարզը․ «Պարոն դեսպան, բարով եք եկել մեր մարզ։ Դուք Հայաստանի հյուրընկալ ու կոլորիտային մարզերից մեկում եք։ Մեր մարզն, իհարկե, բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ է տեսել։ Բայց առաջ ենք քայլում և դեռ կկարողանանք տարբեր ոլորտներում ձեռքբերումներ ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է համագործակցությունը և իմ անունից վստահեցնում եմ, որ Շիրակի մարզը պատրաստ է ցանկացած օրակարգով՝ իրավասությունների շրջանակներում, համագործակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու»։
 
Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել Հովհաննես Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ շատ ողջունելի է համարում մարզային իշխանությունների պատրաստակամությունը համագործակցելու և համատեղ նախագծեր կյանքի կոչելու առումով․ «Պարոն Հարությունյան, շատ ուրախ եմ, որ ձեր կողմից էլ զգում եմ համագործակցության պատրաստակամություն, սա հնարավորություն կտա մեզ համատեղ ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում։ Մեր երկրների միջև դարավոր բարեկամությունը ամրապնդելու առումով շատ ենք կարևորում նաև Հայաստանի մարզերի հետ համատեղ ծրագրերի իրականացումը»։
 
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առնչությամբ, ինչը հնարավորություն կտա համագործակցության ոլորտներն հստակեցնելու և գործնական քայլեր իրականացնելու։

Լրահոս

Դիտել ավելին