Կարևոր իրադարձություններ

Պատգամավորների ելույթները՝ Բաքվում բացված ցուցահանդեսի վերաբերյալ

13 Ապրիլ, 2021 12:47
Պատգամավորների ելույթները՝ Բաքվում բացված ցուցահանդեսի վերաբերյալ

Ապրիլի 13-ին Արարատ Միրզոյանի ներկայացմամբ խորհրդարանը հաստատեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները դատապարտող ելույթներ ունեցան` անդրադառնալով Բաքվի ցուցահանդես-պուրակի բացմանը, որը վերաբերում էր 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմին: Պուրակում հայկական զինվորական տեխնիկայի հետ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:

Նազելի Բաղդասարյան. Սա թերեւս ապտակ է ոչ միայն մարդկությանը, այլ նաեւ համամարդկային արժեքներին, որովհետեւ հայատյացության այն բարձր մակարդակը, որ Ադրբեջանի քաղաքականության անժխտելի ու անբաժան մասն է, ի ցույց դրվեց ամբողջ աշխարհի:

Գոռ Գեւորգյան. Ցուցահանդեսը ոչ այլ ինչ է, քան համակարգված ծայրաստիճան հայատյացության հերթական դրսեւորում: 21-րդ դար մտած, բայց նախամարդուն բնորոշ ու վայրագ բարքեր դավանող Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց հակահայկական քաղաքականությունը, որը սպառնում է նաեւ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը:

Արման Բաբաջանյան. Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն ամենաանկեղծ խոսքն էր, որը մինչ այժմ լսել ենք նրանից: Նա խոստանում է ջարդել բոլոր բարձրացվող գլուխները, որոնք կմտածեն ռեւանշի մասին: Սա կասկած չի թողնում առ այն, որ գերեվարված հայ զինծառայողներն իրականում պատանդներ են:

Վլադիմիր Վարդանյան. Պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ որեւիցե արտառոց բան տեղի չի ունեցել, եւ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, կոչվում է սովորական ֆաշիզմ: Այո՛, Ադրբեջանում ձեւավորվել է ռասիստական աշխարհակարգ. այնտեղ առկա են բոլոր չափանիշները, որոնք թույլ կտային այդ պետությանը դասելու ռասիստական պետությունների շարքին: Կրկին ապրիլին՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, ցեղասպանական նպատակն իրագործվում է:

Արման Աբովյան. Կարծում եմ կարելի է դիսկուրսը փակված համարել: Թշնամի՞ են Թուրքիան եւ Ադրբեջանը, թե ոչ: Այո՛ թշնամի են, վաղեմի թշնամի եւ բարբարոս պետություններ: Իրենք են գեներացնում ատելություն դեպի մեզ:

Տարոն Սիմոնյան. Եթե հակառակորդը սխալներ է գործում, ապա պետք է թույլ տաք, որ այդ սխալները շարունակի եւ դրանից ժամանակին օգուտ քաղեք: Միակ խնդիրը մնում է այն, որ մենք մեր վարքագիծը պետք է ճիշտ կազմակերպենք, որպեսզի հետագայում անհրաժեշտ պահին կարողանանք մեր առջեւ դրված խնդիրը լուծել:

Էդմոն Մարուքյան. Մեզ ի՞նչ է թվում, որ մեր խորհրդարանում դատապարտող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությու՞ն է ունենում Ադրբեջանի վրա: Նայելու են եւ ասեն, որ մի պուրակ բացելով՝ մի ամբողջ երկիր խառնվել է իրար: Իսկ ինչ էինք անում մենք, որ այդ պուրակները չբացվեին:

Արման Եղոյան. Երեկ երեկոյան ես եւ ՄԻՊ Արման Թաթոյանը մասնակցում էինք Հայ դատի գրասենյակի եւ Եվրախորհրդարանի մեր գործընկերների կազմակերպած եւ բավականին ընդգրկուն մի վեբինարի: Դրա ընթացքում մանրամասն ներկայացրել ենք վերջին ամիսներին տիրող իրավիճակը, հատուկ անդրադարձ է կատարվել Բաքվում բացված թանգարան կոչվածին: Ուստի, եկեք արտաքին դաշտում մենք գործենք միասնական, արտաքին մարտահրավերները չօգտագործենք ներքին հաշիվներ պարզելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին