Կարևոր իրադարձություններ

Գերմանիան հայտնել է թրոմբոզի ավելի քան 40 դեպքերի մասին, որոնք ի հայտ են եկել AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո

09 Ապրիլ, 2021 23:46
Գերմանիան հայտնել է թրոմբոզի ավելի քան 40 դեպքերի մասին, որոնք ի հայտ են եկել AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո

AstraZeneca պատվաստանյութով պատվաստումից հետո Գերմանիան հայտնել է թրոմբոզի 42 դեպքի մասին։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Գերմանիան հայտնել է թրոմբոզի ավելի քան 40 կասկածելի դեպքերի մասին, որոնք ի հայտ են եկել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Այս մասին հայտարարել է Պոլ Էրլիխի պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղերի զարգացման ինստիտուտը:

Հիմնականում թրոմբոզը հայտնաբերվել է 20-ից 63 տարեկան կանանց շրջանում: Ութ մարդ ՝ հինգ կին և երեք տղամարդ մահացել է:

Մարտին ԵՄ մի շարք երկրներ՝ ներառյալ Գերմանիան, դադարեցրեցին AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը, բայց մի քանի օր անց Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) եզրակացրեց, որ օգուտները գերազանցում են հավանական ռիսկերը: Դեղը անվտանգ և արդյունավետ է, հավաստիացրեց EMA- ն ՝ չնայած հազվագյուտ կողմնակի ազդեցություններին՝ ներառյալ թրոմբոզը։

Գերմանիայում AstraZeneca պատվաստանյութով այժմ պատվաստվում են միայն 60-ից բարձր քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստան է ներկրվել COVID-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։

«Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FASILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:

Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FASILITY» նախաձեռնության շրջանակներում: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:

Նկատենք, որ առողջապահության նախարարության գործադրած ջանքների շնորհիվ, բանակցությունների արդյունքում, հնարավոր եղավ պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստանալ նախանշված ժամկետներում: Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որը հնարավորություն է ստացել ձեռք բերել երկար սպասված պատվաստանյութը, երբ այսօր աշխարհում մի շարք երկրներ դեռևս պայքարում են այդ իրավունքի համար:

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Իսկ ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում «AstraZeneca-ի կլինիկական փորձարկման 3-րդ փուլի վերաբերյալ վերջին հայտարարության (03/25/2021) համաձայն, պատվաստանյութն ապահովում է՝ ախտանշանային COVID-19-ի կանխարգելում` 76% արդյունավետություն, հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերի և հոսպիտալացման կանխարգելում՝ 100% արդյունավետություն, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում ախտանշանային COVID-19-ի կանխարգելում՝ 85% արդյունավետություն։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավորության սկզբունքով»,- ասված էր հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին