Կարևոր իրադարձություններ

Համայնքապետն ապօրինի աճուրդի միջոցով հողը վարձակալության է հանձնել մորը, ապա 425-ապատիկ թանկ հանձնել ենթավարձակալության

09 Ապրիլ, 2021 18:50
Համայնքապետն ապօրինի աճուրդի միջոցով հողը վարձակալության է հանձնել մորը, ապա 425-ապատիկ թանկ հանձնել ենթավարձակալության

Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308֊րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ մարզի Փոքր Սարիարի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից համայնքապատկան հողամասերը վարձակալության հանձնելու գործընթացում առերևույթ չարաշահում թույլ տալու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։ 

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2002-2016թթ. Փոքր Սարիար համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա.Ա.-ն, ով դրանից հետո հանդսանում է Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը, նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում հեռահաղորդակցության օպերատոր ընկերության կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների մուտքագրումն համայնքային բյուջեի փոխարեն ուղղել իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2006թ. օգոստոսի 21-ին իր մոր` Օ. Դ.-ի հետ կնքել է գյուղատնտեսական նշանակության 1 հա մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան ընդամենը 1125 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հանձնելու պայմանագիր: 

Պայմանագրի հիմքում դրվել է 2006թ. հուլիսի 17-ի մրցութային հանձնաժողովի արձանագրությունը, համաձայն որի՝ ինքը՝ համայնքի ղեկավարը, հանդիսացել է մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը: 

Այնուհետև, համայնքի ղեկավարը վարձակալության պայմանագիր կնքելուց երեք օր անց՝ 2006թ. օգոստոսի 24-ին, մոր միջոցով նույն հողամասը տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է հանձնել բջջային օպերատոր հանդիսացող ընկերությանը, որի արդյունքում մինչև 2020թ. փետրվարի 17-ն  ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր 5.8մլն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ փոխարենը համայնքի բյուջե որպես վարձավճար փոխանցելով միայն 15.000 ՀՀ դրամ: Այդ կերպ համայնքը զրկվել է նշված չափով եկամուտ ստանալու հնարավորությունից:  

2021թ. մարտի 30-ին Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաքննության ընթացքում վերջինս հանցագործությամբ պատճառված նյութական վնասից վերականգնել է 2.7մլն ՀՀ դրամը: 

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Շիրակի մարզի 14 համայքներում պարզված՝ համայնքապատկան հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության  նմանատիպ հանցավոր դրսևորումների կապակցությամբ հարուցվել է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ, որոնցով համայնքների գործող կամ նախկին 6 ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ: Քրեական գործերով հայտնաբերվել է համայնքներին պատճառված ընդհանուր 89մլն ՀՀ դրամի վնաս, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է մոտ 14մլն ՀՀ դրամը: 

Լրահոս

Դիտել ավելին