Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ․ ինչ հարցեր են քննարկվել

08 Ապրիլ, 2021 18:20
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ․ ինչ հարցեր են քննարկվել

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից։

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը:

Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը' պետական գույքի համապարփակ հաշվառման, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում:

Ի թիվս օրակարգային հարցերի` նիստի ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Նշվել է, որ 2021 թվականին հանրապետության համայնքների կողմից ներկայացվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 800 նախնական հայտ, որոնք առաջիկայում կքննարկվեն սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովում։

Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ընթացիկ տարվա սուբվենցիոն հայտերի ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք համայնքներում կլուծեն առաջնային խնդիրներ, կբարեկարգվեն կամ կկառուցվեն կենսական ենթակառուցվածքներ։ Մարզպետներին հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել նաև համավարակի և պատերազմի հետևանքով նախորդ տարվա անավարտ ծրագրերը՝ դրանց շինարարության տեմպն ու որակը պահելու և նախանշվող ժամկետներում ավարտելու նպատակով։

Մարզպետները նախարարին զեկուցել են նաև ՀՀ մարզերի՝ համայնքների եկամուտների հավաքագրման արդյունքների մասին։ Համայնքների սեփական եկամուտները 2021թ․ առաջին եռամսյակում կազմել են 5 մլրդ 264 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 470 մլն դրամով։Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր ևս: Անդրադարձ է եղել մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունից բխող 2021 թվականի տարեկան գործունեության ծրագրի մշակման և գերակայությունների սահմանման, ինչպես նաև համայնքային ծառայողների և ՏԻՄ 2021թ. վերապատրաստումների վերսկսման ուղղությամբ աշխատանքներին։

 

Լրահոս

Դիտել ավելին