Կարևոր իրադարձություններ

Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն. ՀՀ ՇՄ նախարար

07 Ապրիլ, 2021 19:05
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն. ՀՀ ՇՄ նախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում կհիմնվի անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսություն և «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի

Աշխատանքային այցով գտնվում եմ Արցախի Հանրապետությունում։

Այցի շրջանակում հանդիպել եմ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին նախարարի խորհրդական Հ․ Մարտիրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ․ Սաֆարյանը, «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Ներսեսյանը, անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ Վ․ Ահարոնյանը և «Ջրամատակարարում» ՓԲԸ-ի տնօրեն Գ․ Հայրապետյանը։

Հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանի և Արցախի մեր գործընկերների հետ քննարկել ենք միջգերատեսչական համագործակցության շրջանակի ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։

Անդրադարձել ենք հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներին, կենսագործունեության լիարժեք վերականգնմանը և շրջակա միջավայրի կառավարման համակարգի անխափան աշխատանքին վերաբերող հարցերի:

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործուն աջակցությամբ Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն, ինչպես նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար։

Քննարկել ենք Շրջակա միջավայրի նախարարության տեխնիկական հզորությունների օգտագործման միջոցով Արցախի Հանրապետության անտառների մոնիթորինգի հնարավոր կազմակերպումը։

Անդրադարձել ենք նաև ջրային ոլորտի և ջրային ռեսուրսների կենսական կարևորության խնդրին։

Առկա խնդիրների կարգավորման նպատակով մի շարք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել»։

 

Լրահոս

Դիտել ավելին