Կարևոր իրադարձություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բաժանմունքներ են բացվել․ բացմանը ներկա են գտնվել Ավանեսյանն ու Թորոսյանը

07 Ապրիլ, 2021 16:42
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բաժանմունքներ են բացվել․ բացմանը ներկա են գտնվել Ավանեսյանն ու Թորոսյանը

Նոր բաժանմունք` Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Ամբողջապես նորոգված ու վերազինված Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքն այսօրվանից կգործի նոր ծավալով։

Բաժանմունքի բացման արարողությանը ներկա են եղել  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ոլորտի անվանի ներկայացուցիչներ:  Բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է բրախիթերապևտիկ բուժում, որը ցուցված է օնկոգինեկոլոգիան հիվանդությունների ժամանակ, իսկ նման բուժման ցուցում Հայաստանում ունի օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց մոտ 80%-ը։  Բուժումը երկարատև է, երբեմն՝ ծանր. բաժանմունքում կանանց համար ստեղծել են առավել հարմարավետ պայմաններ և հաճելի միջավայր` հիվանդանոցում երկարատև գտնվելու հանգամանքը մոռացության մատնելու նպատակով:  Իսկ գերժամանակակից BEBIG SAGINOVA 3D բրախիթերապևտիկ սարքը, որը կգործարկվի առաջիկայում, թույլ կտա էլ ավելի բարձրացնել բուժման արդյունավետությունը։

Անահիտ Ավանեսյանը, լրագրողների հետ զրույցում  նշել է, որ բաժանմունքի բացման օրն ամենևին էլ պատահական չի ընտրվել:

«Այսօր կանանց, մայրության, հայտնության տոնն է: Շատ կուզենք, որ մեր կանայք լինեն առողջ, բուժման կարիք չունենան, բայց եթե հանկարծ դրա անհրաժեշտությունն առաջանա, ապա նրանք պետք է հնարավորություն ունենան բուժվել լավագույն պայմաններում` առկա նորագույն սարքավորումներով»,-ասել է առողջապահության նախարարը:

Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքից հետո հյուրերը շրջել են ևս երկու`  մամոլոգիական և ոսկրային ուռուցքաբանության հիմնանորոգված բաժանմունքներում:

Նշենք, որ մամոլոգիական բաժանմունքը եղել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման առաջին մասնագիտացված բաժանմունքը Հայաստանում։ Այստեղ բուժվող կրծքագեղձի քաղցկեղով կանանց 5 տարվա ապրելիության ցուցանիշը բարձր է Հայաստանի միջին ցուցանիշից։

Իսկ ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքն այսօր նաև անվանակոչվեց իր հիմնադրի՝ Սերգեյ Սեինյանի անունով։ Բաժանմունքը համալրվել է վերջին սերնդի արթրոսկոպիկ սարքով։

 

Լրահոս

Դիտել ավելին