Կարևոր իրադարձություններ

Բախվել ենք կորոնավիրուսի երրորդ ալիքին. մարզային ԲԿ-ների տնօրենները հանդիպել են Անահիտ Ավանեսյանի հետ

05 Ապրիլ, 2021 18:00
Բախվել ենք կորոնավիրուսի երրորդ ալիքին. մարզային ԲԿ-ների տնօրենները հանդիպել են Անահիտ Ավանեսյանի հետ
Մարզային բժշկական կենտրոնների տնօրեններն առողջապահության նախարարությունում հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպման առիթը COVID-19-ն է, պատվաստանյութերն ու պատվաստման բուն գործընթացը, հայտնում են նախարարությունից:
 
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Ավանեսյանը մարզային բուժկենտրոնների ներկայացուցիչների հետ խոսել է կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս իրավիճակի մասին:
Հանդիպմանը մասնագետները քննարկել են պատվաստանյութերի վերաբերյալ առկա հարցերը, հանդես եկել առաջարկներով, ինչպես նաև քննարկել հնարավոր լուծման ուղիները:
 
 
Քննարկման ընթացքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը պատվաստանյութերի վերաբերյալ զեկույցի շրջանակներում ներկայացրել է առաջիկա անելիքները:
 
Հաշվի առնելով, որ պատվաստանյութերի մրցավազք է, մասնագետները կարևորել են մի քանի պատվաստանյութերի առկայության ապահովումը, միանշանակ, զգուշորեն մոտենալով պատվաստանյութերի ընտրությանը` վարելով ճկուն և հավասարակշռված ռազմավարություն:
 
 
«Այսօր առաջնային խնդիր է պատվաստման գործընթացը հնարավորինս արագ սկսելու, քանի որ բախվել ենք երրորդ ալիքին: Ուստի բուժհիմնարկները` որպես շփման առաջնային օղակ, պետք է հանրությանն իրազեկեն պատվաստանյութերի հետ կապված ամբողջական և հավաստի տեղեկատվությունը: Սա է ճանապարհը բնականոն կյանքին վերադառնալու` թոթափելով առողջապահական համակարգի վրա եղած ծանրաբեռնվածությունը:
 
Հարկ է նշել, որ պետք է դրսևորել հավասարակշռված մոտեցում` չգերագնահատելով և չթերագնահատելով ռիսկերը, հիմնվել գիտական մոտեցումների վրա և մեր քաղաքականությունը հենց դրա վրա կառուցել», - ասել է Անահիտ Ավանեսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին