Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ը հերքում է հրավիրված հավաքի և «հակաիշխանական» աշխատակիցներին ազատման դիմում գրելու հրահանգի մասին լուրերը

05 Ապրիլ, 2021 17:43
ԱԻՆ-ը հերքում է հրավիրված հավաքի և «հակաիշխանական» աշխատակիցներին ազատման դիմում գրելու հրահանգի մասին լուրերը

Լրատվականներից մեկն այսօր մի հրապարակմամբ էր հանդես եկել, համաձայն որի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ապրիլի 4-ին՝ ժամը 16։30-ին, հրատապ հավաք է հրավիրել և հակաիշխանական հայացքներ ունեցող աշխատակիցներին հրահանգել է ազատման դիմումներ գրել։

ԱԻ նախարարությունը, անդրադառնալով նյութին, հայտնում է, որ տեղեկությունը կեղծ է․

«Newspress.am լրատվական կայքում «Արտակարգ իրավիճակների նախարարը «հականիկոլական» աշխատակիցներին հրահանգել է ազատման դիմում գրել. վերևից իջեցված հրամա՞ն» վերտառությամբ հրապարակումը ոչ միայն ապատեղեկատվություն է և որևէ աղերս չունի իրականության հետ, այլև զրպարտության և անձնական վիրավորանքի տիրույթում է, ունի քաղաքական ենթատեքստ:

Տեղեկացնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում նման «հավաք» տեղի չի ունեցել, իսկ այդպիսի հրահանգավորման մասին խոսք անգամ չէր կարող լինել, քանի որ նախարարությունը՝ որպես կիսաուժային կառույց, քաղաքականությունից զերծ է:

Ինչ վերաբերում է ԱԻՆ պաշտոնական կայքում նախարարի կենսագրության մեջ 2008 թվականին Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով պարգևատրման մասին տեղեկատվության թերի լինելուն, այն է՝ ըստ լրագրողի, նշված չէ թե ու՞մ կողմից է տրված. արձանագրենք, որ նույն ձևաչափով ներկայացված են նախարարի պարգևների մեծ մասը, որոնք շնորհվել են տարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այդ թվում` երկրորդ և երրորդ նախագահներ»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին