Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը․ ԱՀ ԱԳՆ

03 Ապրիլ, 2021 15:54
Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ՝ ի պատասխան Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը բավականին մտահոգիչ է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից:

Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական  երկրների հասարակություններում: Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ:

Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով  տեղափոխում է  պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին:

Եվ այս համատեքստում Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր եռադաշինքի առաջին լուրջ աշխարհաքաղաքական հայտը հանդիսացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Դրան հաջորդում են ծավալապաշտական նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ:

Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո այլ տարածաշրջաններում ևս անշուշտ տեղի են ունենալու համանման գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին