Կարևոր իրադարձություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Ոտնլվայի արարողությունը

01 Ապրիլ, 2021 23:13
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Ոտնլվայի արարողությունը

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին կատարվել է Ոտնլվայի արարողությունը:

Հընթացս արարողության, աղոթքների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ներկա բարեպաշտ ժողովրդին, ապա, Աստվածորդու օրինակով ծունկի գալով, հոգեպարար շարականների երգակցության ներքո լվացել և յուղով օծել մի շարք հայորդիների ոտքեր:

Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը, արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ մայոր Ստեփան Ալեքսանյանը և սերժանտ Արթուր Իգիթյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Նարեկ ուրարակիր Մարկոսյանը, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Սարո Արթենյանը և Նորայր Պետրոսյանը, արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած քաջարի հայորդիների զավակներից Նարեկ Աբրահամյանը, Ավետիք Վարդանյանը, Լևոն Մարտիրոսյանը և Սահակ Անդրեասյանը, Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի սան Սամվել Ադոյանը, ինչպես նաև այլ մանուկներ՝  Մհեր Կոնդյանը, Դավիթ Կուզիկյանը և Դավիթ Թադևոսյանը։

Արարողությունն ամփոփվել է Ավետարանի ընթերցմամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով, որից հետո օրհնված յուղը բաժանվել է ներկա հավատացյալներին: Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

 

Լրահոս

Դիտել ավելին