Կարևոր իրադարձություններ

Արցախում կքարտեզագրվեն անվտանգ բնակավայրերը․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

01 Ապրիլ, 2021 20:25
Արցախում կքարտեզագրվեն անվտանգ բնակավայրերը․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով, շահագրգիռ մարմինների միջնորդությամբ ՝ ԱԻ պետական ծառայությունում հանդիպել են Արցախում ականազերծում իրականացնող կազմակերպությունները: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

ՆԳ նախարարությունը որպես լիազոր մարմին, ներքին անվտանգության ապահովման նպատակով, համագործակցելով ՊԲ-ի և ականազերծող մյուս կազմակերպությունների հետ, նախաձեռնել է քննարկման ձևաչափով հանդիպում, որի նպատակն է միավորել բոլոր կազմակերպությունների ներուժը, և օր առաջ հանրապետության տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից: Նախապատվությունը տրվել է բնակելի տարածքներին:

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառված խոշոր ու փոքր տրամաչափի զինատեսակներն ու տարբեր, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերքը, շարունակում են բնակչության կյանքի ու ազատ տեղաշարժի համար մնալ լուրջ սպառնալիք:

Ծառայության 911 ահազանգման կենտրոնից բացի, Արցախում գործող «The Halo Trust» ոչ կառավարական կազմակերպությունը և Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամն ունեն թեժ գծեր, որոնք աշխատանքն ավելի դյուրին են դարձնում. քանի որ բնակավայրերում հայտնաբերված զինամթերքի մասին հաճախ բնակիչներն իրենք են ահազանգում:

Հանդիպմանը որոշվել է համագործակցել միմյանց հետ, ի մի բերել ունեցած հնարավորությունները, ականազերծված ու անվտանգ տարածքների մասով՝ հրապարակման համար կազմել արձանագրություններ:

ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին արդյունավետ փոխգործակցության, ամենօրյա տքնաջան աշխատանքի համար, նշել, որ զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման գործընթացը համատեղ կշարունակվի առաջիկա ամիսներին ևս:

Ականազերծված բոլոր տարածքներում ևս մեկ անգամ կկատարվի հետախուզական աշխատանք, կքարտեզագրվեն անվտանգ բնակավայրերը, գյուղատնտեսական, շինարարական ու տուրիստական նշանակության տեղամասերը, որոնք բնակչությանն իրազեկելու նպատակով կհրապարակվեն լրատվամիջոցներով:

Լրահոս

Դիտել ավելին