Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահներն Արցախում ավելի քան 3,5 հազար դիմում են ստացել օգնության համար

01 Ապրիլ, 2021 12:16
Խաղաղապահներն Արցախում ավելի քան 3,5 հազար դիմում են ստացել օգնության համար

Ստեփանակերտում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) մարդասիրական արձագանքման կենտրոնում շարունակում է աշխատել Քաղաքացիների ընդունելության կենտրոնը: Այն ունի նաև «թեժ գիծ»՝ անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն տրամադրելու, աշխատանքի տեղավորման հարցում օժանդակության և այլ խնդրահարույց թեմաներով տեղեկատվություններ հավաքելու համար:Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 3,5 հազար մարդ դիմել է ընդունարան` օգնություն ստանալու համար: Թեժ գծի միջոցով ստացվել է ավելի քան 800 զանգ:

Հեռախոսային զանգերը կամ այցերը սպասարկող հերթապահ սպաները պետք է հստակեցնեն խնդրի բնույթը, հարազատներից պարզեն զինծառայողի ենթադրյալ կորած տարածքի մասին տեղեկությունները և գրանցեն նրանց կոնտակտային տվյալները: Հետագայում անհայտ կորածների որոնման աշխատանքներն իրականացնում են ՌԽԶ զինծառայողները` համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ: Բոլոր հարցումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին:

Արցախի բնակիչների դիմումների հետ աշխատելուց բացի, ՌԽԶ -ի Մարդասիրական արձագանքման կենտրոնը սկսել է նպատակային մարդասիրական օգնություն հասցնել կարիքավորներին:

Նախօրեին խաղաղապահ զորախումբն ավելի քան 650 կիլոգրամ մարդասիրական օգնություն է նվիրել Ստեփանակերտում բնակվող բազմազավակ ընտանիքներին, որը տրամադրել էին  «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» ոչ առևտրային բարեգործական հիմնադրամը, «Բժիշկ Լիզա» և «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամները:

Քաղաքացիները ստացել են այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրենց առօրյա կյանքը բարելավելու համար՝ ծածկոցներ, բարձեր, գազի այրիչներ՝ կերակուր պատրաստելու համար, հիգիենայի միջոցներ, սնունդ և այլ գույք:

Մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական անձնակազմը Արցախի բնակիչներին հանձնել է ավելի քան 16,5 տոննա հումանիտար օգնություն: Ներառյալ՝ բժշկական սարքավորումները հիվանդանոցների և բժշկական կետերի համար, դասագրքեր և մանկական գրականություն՝ դպրոցականների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին