Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը. ԿԳՄՍՆ

09 Մարտ, 2021 10:47
Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը. ԿԳՄՍՆ

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը: 

Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝ 

  1. Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
  2. Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
  3. Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
  4. Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, 
  5. Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի), 
  6. Մշակութային հեռուստահաղորդաշարեր, 
  7. Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր,
  8. Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ, 
  9. Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը, 
  10. Ներառական ծրագրեր և նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում, 
  11. Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր և նախագծեր, 
  12. Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր, 
  13. Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ, 
  14. Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան–Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական ու հեռանկարային նախագծեր, և որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլվում շահույթը: 

Հայտերը մինչև ապրիլի 2-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչություն (հեռ.՝ 010 599 631) և Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչություն (հեռ.՝ 010 599 629)։ 

Մրցութաշրջանի և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/8102

 

Լրահոս

Դիտել ավելին