Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքը

05 Մարտ, 2021 17:10
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 5-ին կազմակերպել է խորհրդակցություն՝ 2020 թ․ հունիսի 11-ին կառավարության նիստում հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը քննարկելու նպատակով։

 

Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։

Возможно, это изображение (1 человек, стоит и сидит)

Ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը, հանդիսանալով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ, հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։

Возможно, это изображение (1 человек, сидит и в помещении)«Համարակալման աշխատանքները պլանավորվում էր իրականացնել դեռևս անցած տարի, բայց, ցավոք, պատերազմի պատճառով այդ գործընթացը հետաձգվեց: Սակայն նույնիսկ այդ պայմաններում կառավարությունն այս ծրագիրն առաջնահերթ համարեց և այս տարի մենք կփորձենք այն իրականացնել», – նշել է Տիգրան Գաբրիելյանը, հավելելով, որ ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսների ընթացքում արդեն իսկ նախատեսվում է մեկնարկել համարակալման գործընթացը։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կենդանիների համարակալումը կիրականացնեն «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցող, հատուկ վերապատրաստման դասընթացներին մասնակցած անասնաբույժները, ովքեր կհամարակալեն, կգրանցեն և էլեկտրոնային համակարգ կմուտքագրեն համապատասխան տվյալները։

Возможно, это изображение (1 человек, сидит, стоит и в помещении)

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակում ՍԱՏՄ-ին վերապահված է գործընթացի վերահսկողության և սպանդանոցային մորթի լիարժեք կազմակերպման հետ կապված կարևոր գործառույթ։

«Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում մինչև վերջերս սպանդանոցների քանակը բավարար մակարդակի չէր, որպեսզի լիարժեք վերահսկողություն իրականացնեինք, բայց այս տարվա մարտի 1-ից մենք անցել ենք 5-րդ ձևի վերահսկման ուժեղացված ռեժիմին և դա լինելու է շարունակական», – նշել է Նարեկ Հայրապետյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի արդյունավետ իրականացման, համարակալողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, համարակալման և գրանցման համար համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկման, ինչպես նաև համայնքներում ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացման ու խորհրդատվության տրամադրման վերաբերյալ մի շարք հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին