Կարևոր իրադարձություններ

Կարևորում ենք երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագրերի Շվեդիայի փորձը. ԱՍՀ նախարարը հանդիպել է Շվեդիայի դեսպանի հետ

04 Մարտ, 2021 20:09
Կարևորում ենք երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագրերի Շվեդիայի փորձը. ԱՍՀ նախարարը հանդիպել է Շվեդիայի դեսպանի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում շեշտվել են մի շարք առաջնահերթություններ՝ երկրում աղքատության հաղթահարման, արցախահայության սոցիալական ծրագրերի, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ։

«Նախատեսել ենք «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի ընդունում, որը հնարավորություն կտա այդ ընտանիքներին ցուցաբերել սոցիալական, առողջապահական, կրթական և այլ արտոնություններ։ Այս գործում կարևորել ենք նաև միջազգային փորձը, այդ թվում՝ Սկանդինավյան երկրների։ Մեզ համար կարևոր է երեխաներին և երեխա ունեցող ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերի նաև Շվեդիայի փորձը, ուստի ուրախ կլինենք փորձի փոխանակման արդյունքում հասնել ցանկալի արդյունքի»,- նշել է նախարարը։

Պատրիկ Սվենսոնը ներկայացրել է երեխաների խնամքի կազմակերպման, ծնողների արձակուրդի տրամադրման վերաբերյալ Շվեդիայի օրենսդրական կարգավորումներն ու առանձնահատկությունները՝ կարևորելով ընտանիքներում ծնողների հավասար ներգրավվածությունը երեխաների խնամքի և դաստիարակության գործում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտում հետագա համագործակցությանն՝ առանցքային համարելով քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը։

 

Լրահոս

Դիտել ավելին