Կարևոր իրադարձություններ

Պարզվել են Լեռնանցք գյուղի 60-ամյա բնակչի՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն

03 Մարտ, 2021 11:31
Պարզվել են Լեռնանցք գյուղի 60-ամյա բնակչի՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լեռնանցք գյուղի բնակիչ, 60-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է տղամարդու՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս մարմնական վնասվածքներն ստացել է հարևանի կողմից՝ 2021թ. հունվարի 1-ին` ժամը 15:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:

Մասնավորապես` պարզվել է, որ դեպքի օրը 60-ամյա տղամարդը, Ամանորը շնորհավորելու նպատակով, գն

ացել է 49-ամյա հարևանի տուն, որտեղ միասին հաց են կերել, օգտագործել ոգելից խմիչք:

Այնուհետև, երբ հարևանները դուրս են եկել բակ, զրույցի ժամանակ նրանց միջև վիճաբանություն է ծագել՝ կենցաղային հարցի շուրջ, որի ընթացքում 49-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել հարևանի մարմնի տարբեր հատվածներին, ինչը կանխվել է գործով մեղադրյալի որդու կողմից:

Սակայն, չհամակերպվելով այն մտքի հետ, որ հարևանի հետ պարզաբանումն ավարտին չի հասցրել, կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը գնացել է նրա տան բակ, որտեղ շարունակել է ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ դիտավորությամբ պատճառելով առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող՝ ձախ բազկոսկրի մեծ թմբիկի և ձախից 8-րդ և 9-րդ կողերի կոտրվածքների ու ձախ բազկի արյունազեղման տեսքով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լեռնանցք գյուղի 49-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին