Կարևոր իրադարձություններ

Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել. ինչպես լեզու գտնել անկախ պատգամավորների հետ. «Ժողովուրդ»

03 Մարտ, 2021 08:22
Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել. ինչպես լեզու գտնել անկախ պատգամավորների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները, նպատակ ունենալով փոխել ՀՀ Սահմանադրությունը, ամեն ինչ անում են, որպեսզի խորհրդարանում կարողանան քվեարկություն ապահովել:

Բանն այն է, որ խորհրդարանը պետք է 88 կողմ ձայնով քվեարկի սահմանադրական փոփոխություններին, որի համար իշխանականները, այս օրերից սկսած, որոշել են խորհրդարանի անկախ պատգամավորների հետ լեզու գտնել, լավ հարաբերություններ փորձել ստեղծել: Երեկ մեր թղթակիցը նկատել է, որ, կարծես թե, այդ գործին լծել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արման Բոշյանին:

Պատգամավորը անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ տեւական ժամանակ խորհրդարանի այգում քայլում ու զրուցում էր, կարծես թե ինչ-որ բան էր նրան համոզում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս հարցերի շուրջ զրուցել ԱԺ իմքայլական պատգամավոր Արման Բոշյանի հետ: «Մենք Ազգային ժողովի պատգամավորներ ենք, ովքեր ունեն մտահոգություններ տարբեր հարցերի վերաբերյալ, մենք, այո, մեր գործընկերների հետ քննարկում ենք եւ պարտավոր ենք քննարկել ընթացիկ իրավիճակը, մեր պատկերացումները, մեր մոտեցումները, համադրել դրանք իրար հետ ու փորձել լուծումներ գտնել»,- հանդիպման վերաբերյալ ասաց Արման Բոշյանը:

Ըստ պատգամավորի՝ իրենք միշտ են նման քննարկումներ ունեցել իրենց գործընկերների հետ: «Քննարկումները շարունակվելու են, ու ես կարծում եմ, որ մենք անպայման լուծումներ գտնելու ենք»,-եզրափակեց պատգամավորը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին