Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը

02 Մարտ, 2021 19:05
Արարատ Միրզոյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին եւ Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։

Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրեց կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծեց՝ ռազմագերիների եւ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաեւ ընդգծեց, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:

Դեսպան Թրեյսին իր հերթին նշեց, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:

ԱՄՆԶԾ ղեկավար Դեւիդ Հոֆմանը Ազգային ժողովի նախագահին ներկայացրեց գործակալության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ անդրադարձ կատարելով խորհրդարանի աշխատանքներին եւ խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Կողմերը զրույցի ընթացքում քննարկեցին հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ երկուստեք ընդգծեցին Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարեւորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին