Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էդուարդ Աթաբեկյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային անվտանգության ծառայության դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, այնուհետև կոտրել ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսային ապարատն ու գովազդային վահանակը, ապա առաջ ընթանալով՝ բախվել ծառին և էլեկտրասյանն ու հայտնվել հանգստի համար տեղադրված նստարանի մոտ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Է. Աթաբեկյանն ու ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Լևոն Բոցիկյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։