Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Land Rover-ն ու ԶԻԼ-130-ը. կան վիրավորներ

27 Փետրվար, 2021 22:52
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Land Rover-ն ու ԶԻԼ-130-ը. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   Ժամը 18:30-ի սահմաններում, Թալին-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, բախվել են Land Rover և ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը:   Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:   Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը:  

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ա. Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Ֆոտոլրագրողը հայտնում, որ դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաներն ու ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում են իմացել, որ Land Rover-ին բախվել է ԶԻԼ-ը և նշված ավտոմեքենան, որը բարձված է եղել հողով, ոստիկանները հայտնաբերել են վթարի վայրից մոտ 1,5 կմ հեռավորության վրա, դաշտամիջյան հատվածում՝ կողաշրջված վիճակում:   Մինչ վթարի վայրի զննություն էին կատարում ՃՈ ավագ հետաքննիչներ Հ. Վարդանյանն ու Ա. Աղաջանյանը, ԶԻԼ-ի վարորդը նույնպես տեղափոխվեց «Թալին» բժշկական կենտրոն:   Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին