Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանն այցելել է Ceramisia կերամիկական սպասքի արտադրության հայ–իտալական ընկերություն

27 Փետրվար, 2021 18:00
Վահան Քերոբյանն այցելել է Ceramisia կերամիկական սպասքի արտադրության հայ–իտալական ընկերություն
Վահան Քերոբյանը փետրվարի 27-ին այցելել է Ceramisia կերամիկական սպասքի արտադրության հայ–իտալական ընկերություն։
 
Ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի ուղեկցությամբ Էկոնոմիկայի նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական հնարավորություններին և դիտել պատրաստի արտադրանքի նմուշները, որոնք նախատեսված են ինչպես լայն օգտագործման համար (օրինակ՝ ռեստորանների), այնպես էլ կերամիկական սպասքի սիրահար խստապահանջ սպառողների համար։ Շնորհիվ հատուկ տեխնոլոգիայի՝ Ceramisia-ի սպասքն առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ։
 
Ընկերության աշխատակիցներից շատերը վերապատրաստվել և որակավորում են ստացել Իտալաիայում։ Հիմնական աշխատողները գեղարվեստի ոլորտի մասնագետներ են, արտադրական պրոցեսի զգալի մասը ձեռքի աշխատանք է։ Ընկերության արտադրանքը արտահանվում է ՌԴ և ԱՄՆ։ Բազմաթիվ պատվերներ են լինում նաև հայտնի ապրանքանիշեր ներկայացնող կազմակերպություններից։
 
Համավարակի պատճառով ընկերության զարգացման ծրագրերի ընթացքը որոշակիորեն դանդաղել է, բայց այստեղ հույս ունեն, որ առաջիկայում կհաջողվի ընդլայնել ինչպես արտադրությունը, այնպես էլ արտահանման շուկաները։ Մտադրություն կա մասնաճյուղեր բացել Հայաստանի որոշ մարզերում։
 
2019 թ․նոյեմբերին բացված Ceramisia հայ-իտալական ընկերությունն իր արտադրանքն իրացնում է «Պատրաստված է Հայաստանում իտալական դիզայնով» մակնշմամբ։

Լրահոս

Դիտել ավելին