Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը

27 Փետրվար, 2021 13:15
Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը

Այսօր լրանում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հերթական ոճրագործության՝ սումգայիթյան ցեղասպանության  3-րդ տարելիցը:

Այդ առիթով Արցախի Աժ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է.

Այդ ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948 թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության, մարդկության դեմ կատարված հանցագործության իրավական ձևակերպմանը:Սումգայիթյան ջարդերը Խորհրդային Ադրբեջանի օրվա իշխանության և նրանց հովանավորող ուժերի կողմից պետականորեն նախապես ծրագրված գործողություններ էին, որոնց թիրախում այդ քաղաքը կառուցած ազգությամբ հայ բնակիչներն էին: Այդ ամենին ուղեկցում էին անասելի դաժանությունն ու բռնությունը, թալանն ու կողոպուտը:

Ազգային և կրոնական անհանդուրժողականության հողի վրա սկիզբ առած բռնարարքները համարժեք գնահատական չստացան Խորհրդային Միության քաղաքական ղեկավարության և միջազգային համապատասխան կառույցների կողմից, որի պատճառով ջարդերն ու բռնի տեղահանումները դարձան գործելաոճ Ադրբեջանի վարչախմբի համար, և հետագա ամիսներին նոր արհավիրքի զոհ դարձավ Բաքվի, Գանձակի, Կուրի ձախափնյակի բնակչությունը: Շուրջ կես միլիոն հայություն Ադրբեջանից բռնատեղահանվեց, իսկ Հյուսիսային Արցախի բնիկ հայությունը զրկվեց հայրենիքից:

Սումգայիթյան եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր 1988 թ. փետրվարին արցախահայության՝ իր ազատության և ինքնորոշման համար սկսած պայքարին:

ԼՂԻՄ խաղաղ բնակչությունը նույնպես հայտնվեց Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի թիրախում: Այն առավել անմարդկայնորեն դրսևորվեց 2020 թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմի ժամանակ:

Հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան եղեռնագործության և Ադրբեջանի ագրեսիայի զոհ դարձած հազարավոր մեր հայրենակիցների հիշատակին, դատապարտելով խտրականության, անհանդուրժողոկանության և այլատյացության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության

Ազգային ժողովի խմբակցությունները կոչ են անում միջազգային հանրությանը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգող երկրներին ու կազմակերպություններին՝ ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն ­­­­­­­­

 Արցախի «Արդարություն» խմբակցություն­

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն

 

Լրահոս

Դիտել ավելին