Կարևոր իրադարձություններ

Քաղաքական ուժերի օրակարգը որևէ աղերս չունի մեր առջև ծառացած մարտահրավերների հետ. Թանդիլյան

25 Փետրվար, 2021 17:30
Հեղինակ՝ Մանե Թանդիլյան
Քաղաքական ուժերի օրակարգը որևէ աղերս չունի մեր առջև ծառացած մարտահրավերների հետ. Թանդիլյան

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.

«Հայկական երկու պետություններում պատերազմից ընդամենը երեք ամիս անց քաղաքական ուժերի օրակարգը որևէ աղերս չունի մեր առջև ծառացած մարտահրավերների հետ։

Պատերազմի ողբերգական ավարտը մեզ գնալով հեռացնում է դասեր քաղելու հնարավորությունից։ Հայաստանի ու Արցախի ապագան ավարտվում է նախկինի ու ներկայի բանավեճում՝ թե ով է ավելի մեղավոր, թե ով է ավելի վատը։
 
Շարունակենք մսխել հերթական ժամանակը՝ ապացուցելով, որ մենք արժանի չենք հզոր պետություն ունենալուն, արժանի չենք բարեկեցիկ և անվտանգ կյանքով ապրելու։ Խլացրեք քաղաքացու ապագայի հույսերը՝ ձեր ներկայի ու նախկինի մասին բարձրագոչ ելույթներով։
 
Իրականությունը ձեր հրապարակները չեն։ Իրականությունը ապրող Արցախն է, իր երեխայի ապագայի համար աշխատող գյուղացին է, իր աշխատասենյակում այս պահին աշխատող երիտասարդն է, ով ուզում է ավելի լավ Հայաստան, ավելի լավ Արցախ։
 
Շարունակեք վայելել ձեր «գրաված» հրապարակները՝ չմոռանալով Հյուսիսային պողոտայում տեղակայել խաղաղապահ ուժեր։ Անհոգ եղեք, հայ զինվորը կանգնած է Հայաստանի և Արցախի սահմաններին, թշնամին Երևանի կենտրոն չի հասնի։
 
Վայելեք հայ զինվորի արյան գնով Երևանի փողոցներում քայլելու և ելույթներ ունենալու ձեր պատմական իրավունքը։
 
Դադարե՛ք գոռալ, դադարե՛ք ձեր ատելությամբ լցնել արյան հոտով պարուրված հայրենիքի օդը, խոսե՛ք իրար հետ, խոսե՛ք հանգիստ, լսե՛ք իրար, երբեմն լռեք, երկար լռեք․․․
 
Տեսնե՞ս մենք մի օր արժանի կլինենք Արցախ ունենալուն․․․
 
Տեսնե՞ս մենք մի օր արժանի կլինենք Հայաստանը մեռնող տարածքից դարձնելու Ապրելու երկիր»:

 

Լրահոս

Դիտել ավելին