Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը գերիների խնդիրը փորձում է դարձնել սակարկման առարկա․ Փաշինյան

23 Փետրվար, 2021 21:41
Ադրբեջանը գերիների խնդիրը փորձում է դարձնել սակարկման առարկա․ Փաշինյան

Ցավոք սրտի, Ադրբեջանը գերիների խնդիրը փորձում է դարձնել սակարկման առարկա։ Այս մասին 1in.am լրատվականին տված իր հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց մասով պարտավորություն։ Կրկնում եմ, որ նույն Խծաբերդի միջադեպով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի՞ են, թե՞ ռազմագերի չեն։ Այս մեկնաբանությունը տեղին չէ, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների և այլ պահվող անձանց։

Ուզում եմ ընդգծել, որ դա եռակողմ հայտարարություն է և այդ հայտարարության վերաբերյալ ու դրանով ձևակերպված պարտավորությունները կիսում են բոլոր ստորագրած կողմերը։ Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որ հնարավորինս արագ ինտենսիվ լուծում տանք այդ հարցին»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ պրոցեսները չմտնեն փակուղի։ Իրենք օրակարգի շուրջ աշխատում են այնքան ժամանակ, քանի դեռ իրական հնարավորություն կա խնդիրը լուծելու։

«Իհարկե, կա իրական հնարավորությունը, խոսակցությունը գնում է այդ թեմայի շուրջ: Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ,  այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն, ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել»,- ասել է վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին