Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզպետը ներկայացրել է Տաթև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին

23 Փետրվար, 2021 19:57
Սյունիքի մարզպետը ներկայացրել է Տաթև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին

Փետրվարի 23-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Տաթևի համայնքապետարանում: Այս մասին տաղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։

Մարզպետը Տաթև համայնքի ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին, բնակավայրերի վարչական ղեկավարներին, համայնքի այլ ներկայացուցիչներին ներկայացրել է Տաթև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանին։

Նշենք, որ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասով, ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի լիազորությունների ժամկետը 2021 թ․ փետրվարի 22-ին լրանալու կապակցությամբ, հիմք ընդունելով այն, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պատճառով չեն կայացել Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները՝ Սյունիքի մարզպետի փետրվարի 22-ի N67-Ա որոշմամբ Մուշեղ Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։

Հանդիպման ընթացքում Մելիքսեթ Պողոսյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, քննարկվել են համայնքի հրատապ լուծում պահանջող խնդիրները, համայնքում անհրաժեշտ ու առաջնահերթ անելիքները, առաջիկա ծրագրերը, խոսվել է ավագանու լիազորությունների դադարեցման մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին