Կարևոր իրադարձություններ

Արա Այվազյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանի անվտանգության հարցեր

23 Փետրվար, 2021 14:22
Արա Այվազյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանի անվտանգության հարցեր

Փետրվարի 22-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպման օրակարգի առանցքում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերն էին: Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և արցախահայության սոցիալական կարիքների հասցեագրման համատեքստում զրուցակիցները կարևորեցին միջազգային հանրության տեղում ներգրավվածությունը: 

Հրատապ հումանիտար հարցերի առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեչսության ղեկավարն ընդգծել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձումը: 

Նախարար Այվազյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը համակարծիք էին, որ խաղաղ կարգավորման առանցքային հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակը, պետք է հասցեագրվեն բացառապես բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և խաղաղ գործընթացին, որը բերելու է հիմնախնդրի կայուն և արդար հանգուցալուծման:

Նախարար Այվազյանը նաև ընդգծել է վերջին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության առաջնահերթությունը:  

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաբովանդակ օրակարգի շուրջ: Երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: Նախարար Այվազյանը վերահաստաստել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին