Կարևոր իրադարձություններ

Հայը դատապարված է կերտել և ունենալ հզոր ու դիմակայուն բանակ․ ԲԴԽ նախագահ

28 Հունվար, 2021 12:13
Հայը դատապարված է կերտել և ունենալ հզոր ու դիմակայուն բանակ․ ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Բանակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Օրացույցում այսօր տոնական օր է: Մեր տրամադրություններն ու զգացողությունները, սակայն, տոնական չեն: 44-օրյա պատերազմի պատճառած անամոք ցավը դեռ երկար մաշելու է մեր սրտերն ու հոգիները: Պատերազմում կորսված կյանքերը, այսօր գերության մեջ գտնվող մեր զավակները, անհետ կորածները, հաշմանդամություն ձեռք բերած տղաները, մարդկային աղճատված ճակատագրերը դաժան իրողությունների առաջ են կանգնեցրել մեր ժողովրդին, ու արնահոսում են մեր Բանակի վերքերը:

Այսօր, և այսուհետ, յուրաքանչյուրս պարտավոր է անմնացորդ լինել բանակի, զինվորի կողքին, սատարել, քաջալերանքի խոսք ասել և իր բաժին գործով աջակցել, որ ժամ առաջ Հայկական Բանակն ուղղի մեջքը, հզորանա և շարունակի հանդիսանալ Հայաստանի և Արցախի խաղաղ և բարեկեցիկ ապագայի կայուն ու աներկբա երաշխավորը:

Խոնարհումս բոլոր քաջերին, ովքեր սեփական կյանքը դրեցին զոհասեղանին՝ հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն հայ ժողովրդի:
Շնորհակալությունս բանակային համազգեստ կրող մեր տղաներին, որ այսօր էլ, այս պահին էլ պատվախնդրորեն իրականացնում են Հայրենիքի պաշտպանությունն ու երաշխավորում մեր ժողովրդի անվտանգությունը:

Հայը դատապարված է կերտել և ունենալ հզոր ու դիմակայուն բանակ:
Աստված պահապան հայ զինվորականին և մեր ժողովրդին»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին