Կարևոր իրադարձություններ

Այսօր մեր երկրի անվտանգության երաշխավորի տոնն է․ Անահիտ Ավանեսյան

28 Հունվար, 2021 10:14
Այսօր մեր երկրի անվտանգության երաշխավորի տոնն է․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԶՈՒ կազմավորման 29-ամյակի առթիվ․

«Այսօր Հայոց բանակի օրն է. մեր երկրի անվտանգության երաշխավորի` հայ զինվորի տոնը, այն երիտասարդների, ովքեր ապացուցեցին, որ կարող են նայել պատերազմի անգութ աչքերին` համառ մարտեր մղելով թշնամու դեմ հանուն մեր երկրի գոյության և ժողովրդի ինքնության: Սակայն անհավասար մարտերում բազմաթիվ կորուստեր ունեցանք, ինչի համար խորապես ցավում ենք ու մեր զորակցությունը հայտնում նրանց ընտանիքներին:

Այս դժվարին ժամանակահատվածում առողջապահական համակարգն արել է հնարավորն ու անհնարը, եղել զինվորի կողքին, զօրուգիշեր պայքարել նրանց կյանքի համար, կազմակերպել վիրավորների տեղափոխումն ու բուժօգնությունը:

Հատուկ շնորհակալություն այն բժիշկներին ու կամավորներին, ովքեր վտանգելով իրենց կյանքը` շարունակել են կատարել մասնագիտական առաքելությունը, շնորհակալ ենք նաև ռազմական բժիշկներին, ովքեր մեծ նվիրումով փրկել են մեր հայորդիների կյանքերը:

Այսօր էլ հանրապետության բժշկական կազմակերպություններում շարունակում են բուժում ստանալ պատերազմից տուժած մեր զինվորները: Նրանց մաղթում ենք շուտափույթ ապաքինում, ուժ ու եռանդ` ապագա ծրագրերի իրագործման ճանապարհին:
Փա՛ռք ու պատիվ քեզ հայ զինվոր ու Հայոց բանակ, խաղաղություն մեր երկրին»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին