Կարևոր իրադարձություններ

Լիահույս եմ, որ դեռևս առջևում են Հայոց բանակի հաղթական երթի նոր ժամանակները․ Գնել Սանոսյան

28 Հունվար, 2021 10:05
Լիահույս եմ, որ դեռևս առջևում են Հայոց բանակի հաղթական երթի նոր ժամանակները․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Բանակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի սպանե՛ր և մարտիկնե՛ր

Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց բանակի կազմավորման 29-րդ ամյակի առթիվ: Թող մեր զինվորներն առողջ լինեն և ծառայեն խաղաղ երկնքի ներքո, իսկ նրանց ծնողներն ապրեն ապահով ու բարեկեցիկ կյանքով, ուրախության արցունքն աչքերին իրենց զավակներին ծառայության ճանապարհեն ու դիմավորեն նույնքան ուրախությամբ ու հպարտությամբ:
Հայոց բանակը ծնունդ առավ հայ ժողովրդի ծոցից, մեր հայրենիքի համար պատմաքաղաքական դժվարին ժամանակահատվածում՝ Արցախյան գոյամարտի ակունքներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանական մարտերում։ Իր հիմնադրման առաջին քայլերից սկսած՝ մեր բանակն անցավ պատմական հաղթանակների ճանապարհ՝ թշնամուն պարտադրելով երկարամյա զինադադար, իսկ Հայաստանի ու Արցախի համար ապահովելով անվտանգ կյանքի ու խաղաղ զարգացման հնարավորություններ։
Հայոց բանակի մարտիկները խիզախորեն մարտի ելան նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում։ Հայոց բանակի սպաները, ժամկետային զինծառայողները, պահեստազորայիներն ու կամավորականները 44 օր շարունակ առաջնագծում հերոսական պայքար մղեցին թշնամու դեմ՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով հող հայրենին: Ցավոք, թշնամու նկրտումների և ունեցած ռազմական հնարավորությունների դեմ մեր բանակն ունեցավ ցավալի ու անդառնալի կորուստներ:

Հայոց բանակի մարտիկներն այժմ էլ կանգնած են հայրենի երկրի սահմանների պաշտպանության դիրքերում եւ իրականացնում են իրենց հայրենապաշտպան առաքելությունը՝ շարունակելով ապահովել Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգությունը, խաղաղ զարգացումն ու հզորացումը։ Լիահույս եմ, որ դեռևս առջևում են Հայոց բանակի հաղթական երթի նոր ժամանակները:

Խունկ և աղոթք Արցախյան պատերազմում իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին և խոնարհումս նրանց ծնողներին, մեր վիրավոր զինծառայողներին շուտափույթ ապաքինում, իսկ ռազմագերիներին՝ բարի վերադարձ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին