Կարևոր իրադարձություններ

«Գոլդեն փելիս»-ով հետաքրքրվող կա. այն կարող է վաճառվել. «Ժողովուրդ»

28 Հունվար, 2021 09:10
«Գոլդեն փելիս»-ով հետաքրքրվող կա. այն կարող է վաճառվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի ճակատագիրը դեռ շարունակում է մնալ անհայտ. պահանջարկ ունեցող գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը գնորդ չունի: Այն, ի դեպ, առայժմ աճուրդի չի հանվել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին հյուրանոցում տեղավորվել են Արցախից եկած մոտ 180 քաղաքացի: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանի խոսքով՝ այս պահին բանակցում են մի ընկերության հետ հյուրանոցի վաճառքի շուրջ. «Փորձենք հասկանալ՝ արդյոք հնարավոր է իրենց կողմից այդ գնումը, թե ոչ:

Իրենք պետք է Հայաստան գան հաջորդ ամսվա ընթացքում՝ փետրվարի կեսերին. եթե հասկանանք, որ դա իրատեսական չէ, այդ դեպքում արդեն այլ որոշում կկայացվի: Մասնավորապես, կարող եմ առաջարկել փակ բաժնետիրական ընկերություն ստեղծել եւ աշխատեցնել առայժմ, մինչեւ հետագայում ցույց կտա ժամանակը:

Աշխատեցնել, վարձով կամ հավատարմագրային կառավարման տալ, ՓԲԸ ստեղծելուց հետո այդ բոլոր տարբերակները չեն սահմանափվում եւ չեն բացառվում»: Նարեկ Բաբայանին խնդրեցինք ներկայացնել, թե որ ընկերությունն է հետաքրքրված հայկական հինգաստղանի հյուրանոցով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Բաբայանն ասաց. «Անկեղծ ասած, ընկերության անունը, որպես այդպեսին, չեմ կարող ասել. ինձ թվում է՝ խառը, տարբեր երկրներից կոնսորցիում է: Ես սպասում եմ, որ իրենք Հայաստան գան, եւ քննարկենք»,- փոխանցեց Բաբայանը:

Հավելենք, որ գույքի գնահատված արժեքը նախորդ աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ: Ստացվում է, որ մասնավորից վերցված գերթանկարժեք հյուրանոցը մինչ օրս չի աշխատել. սկզբում փակ էր, հետո ծառայում էր կորոնավարակակիրների մեկուսացման վայր, հիմա էլ՝ արցախցիների օթեւան»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին