Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության փոխտնօրենին

27 Հունվար, 2021 18:57
Սուրեն Պապիկյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության փոխտնօրենին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է  Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բերտրան Վալկենարի և ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև հաստատված գործընկերության բարձր մակարդակը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և Զարգացման ֆրանսիական գործակալությանը մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումների համար։ Մեր գործընկերության արդյունավետության մասին են վկայում Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքում վերջերս արձանագրված հաջողությունները»,–ընդգծել  է նախարար Պապիկյանը։ 

Զրուցակիցները քննարկել են փոխգործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող հարցեր։ 

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նախարարության մի շարք առաջնահերթ ծրագրերին և կարևորել գործընկերների հնարավոր աջակցությունը ճանապարհաշինության, ջրամբարաշինության,  համայնքներում ոռոգման համակարգի արդիականացման, վարչատարածքային բարեփոխումների շրջանակում համայնքների կարողությունների զարգացման և այլ հարցերում։ 

Բերտրան Վալկենարը նույնպես ընդգծել է Վեդիի  ջրամբարի շինարարության կարևորությունը ֆրանսիական կողմի համար և այն բնութագրել որպես խորհրդանշական ծրագիր հայ–ֆրանսիական պատմական կապերի վրա հիմնված գործընկերության մեջ։ 

Իր խոսքում Բերտրան Վալկենարը մանրամասնել է  ԶՖԳ ներդրումային գերակա ուղղությունները և վերահաստատել ֆրանսիական կողմի պատրաստակամությունը  շարունակել համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

 

Լրահոս

Դիտել ավելին