Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525
    529,5

  • EUR

    639
    651

  • RUB

    7,08
    7,3

Կարևոր իրադարձություններ

ԱՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել

26 Հունվար, 2021 18:51
ԱՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 26-ին նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝  Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտավորյալ ոչնչացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։

Այս մասին հայտնում է  Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը։

Նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից նմանատիպ հանցագործությունների հետևողականորեն  իրականացման վերաբերյալ՝ նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ապա նաև հաջորդած տարիներին՝ նպատակ ունենալով մասնակիորեն կամ ի սպառ ոչնչացնել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական ներկայության ցանկացած վկայություն։  

Մասնավորապես՝ որպես հայկական մշակութային ժառանգության կործանման պրակտիկայի թերևս ամենաողբերգական փաստ նշվում է 1997-2006 թթ. Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան մի քանի հազար միջնադարյան խաչքարերի  դիտավորյալ ավերման մասին։

Նամակներում նաև տեղեկացվում է, որ խորհրդային ժամանակաշրջանում և 1992-1994 թթ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ քանդվել և ամբողջությամբ ոչնչացվել են հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։ Նույն ժամանակահատվածում շուրջ 2500 հայկական խաչքարեր և ավելի քան 10 000 հայկական գերեզմանաքարեր են ավերվել և օգտագործվել որպես շինանյութ։

ԱԳ նախարարը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում և շարունակվում է մինչ օրս, ինչն   ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում մոտ ապագայում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք է։ Մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու  վրա ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարվածներ հասցնելու փաստի վրա։  Մատնանշվում է նաև ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից հայկական ժառանգության հուշարձանների և արտեֆակտերի դիտավորյալ ոչնչացումը, որի մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում համացանցում։

ԱԳ նախարարը կոչ է անում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանությունը և պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ հարգել և կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ պահպանելու ներկայումս նրանց վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը և հրաժարվել այն ոչնչացնելու տխրահռչակ քաղաքականությունից։

Նամակներին կից ուղարկվել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված զեկույցը՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։

Լրահոս

Դիտել ավելին