Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բաբայանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ելույթ կունենան Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների ժողովին

26 Հունվար, 2021 14:40
Դավիթ Բաբայանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ելույթ կունենան Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների ժողովին

 

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել․

«Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ուրախ է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) նորանշանակ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթ կունենան երկու տարին մեկ գումարվող Համագումարի հոգաբարձուների ժողովին՝ շաբաթ օրը, 2021թ.-ի հունվարի 30-ին:

«Մենք ուրախ ենք ողջունել արտգործնախարար Բաբայանին և դեսպան Ներսեսյանին մեր հոգաբարձուների ժողովի ժամանակ այս հանգստյան օրերին», – ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք անհամբեր սպասում ենք լսել նրանց նկատառումներն ու հեռանկարները Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ այս ծայրահեղ կարևոր ժամանակահատվածում»:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելուց առաջ Բաբայանը ծառայում էր որպես Արցախի Հանրապետության Տեղեկատվության գլխավոր վարչության պետ, ինչպես նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և արտաքին հարաբերությունների գծով խորհրդական: Դեսպան Ներսեսյանը նախկինում ծառայել էր Վաշինգտոնում Հայաստանի դիվանագիտական առաքելության փոխդեսպանի պաշտոնում, ինչպես նաև ՀՀ վարչապետի օգնականի և ՀՀ նախագահի միջազգային հարցերով օգնականի պաշտոններում:

Համագումարի երկու տարին մեկ գումարվող ժողովի ընթացքում հանդիպում են կազմակերպության հոգաբարձուներն և Խորհուրդը՝ վերանայելու Համագումարի գործունեությունը: Այս տարի հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն Արցախն ու Հայաստանը՝ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված վեցշաբաթյա պատերազմի հետևանքով: Համագումարի հոգաբարձուները կարող են կապ հաստատել Մերի Գարաբադյանի հետ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ գրանցման մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար:

Համագումարի ներկայիս հոգաբարձուների խորհուրդի կազմի մեջ ընդգրկված են. Էնթոնի Բարսամյան՝ համանախագահ, Վան Գրիգորյան՝ համանախագահ, Քերոլին Մուգար՝ նախագահ, Ռոբերտ Կալուսդյան՝ խորհրդական, Օսկար Թաթոսյան՝ գանձապետ, Բիանկա Քադյան-Դոդով՝ քարտուղար և գանձապետի տեղակալ, Լիսա Գալուստյան՝ քարտուղարի տեղակալ, Արամ Գավուր, Ալեքս Կարապետյան, Լու Էն Օհանյան, Թորոս Սահակյան, Էնի Սփիրս, Ջոյս Սթայն, Անի Թոթա, Թալին Յակուբյան և Մարկ Մոմջյան՝ փաստաբան»: 

 

Լրահոս

Դիտել ավելին