Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիոնի քաղաքապետին

26 Հունվար, 2021 13:33
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիոնի քաղաքապետին

Հունվարի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին (Grégory Doucet), Լիոն մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարին (Bruno Bernard) և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պրեֆեկտ Պասկալ Մայոսին (Pascal Mailhos)։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Հանդիպումների ընթացքում դեսպանը հանգամանալից ներկայացրեց Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ջիհադիստների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ավերիչ պատերազմի հետևանքները և ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։ Այդ համատեքստում նա մտահոգություն հայտնեց վերջին ամիսներին Ֆրանսիայի տարածքում հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հասցեին թուրքական ազգայնական կազմակերպությունների կողմից հնչեցված հրապարակային սպառնալիքների կապակցությամբ։

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Լիոն քաղաքի և Լիոն մետրոպոլի կողմից պատերազմի և համաճարակի հետևանքների վերացման նպատակով Հայաստանին ու Արցախին տրամադրված հումանիտար օգնության համար։

Երկուստեք ընդգծվեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության դերը երկու պետությունների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում։ Շոշափվեցին երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին